Երևանի Double Tree by Hilton հյուրանոցը խախտել է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հետ ունեցած պայմանավորվածությունը նոյեմբերի 30-ի Ոչ-ի Երիտասարդական ֆորումի համար վճարովի հիմունքներով դահլիճ տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին ասված է իշխանությունների կողմից նախաձեռնած նոր Սահմանադրության նախագծի դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
«Սա առաջին դեպքը չէ, երբ հյուրանոցները նախ հաստատում են, իսկ հետո, իշխանությունների հրահանգով, խախտում մեզ հետ ունեցած պայմանավորվածությունները՝ հարուցելով խնդիրներ Ոչ-ի քարոզչության համար։
Քարոզչական շրջանում Ոչ-ի քարոզ իրականացնող սուբյեկտներից մեկի նկատմամբ իշխանության նման պահվածքը գնահատվում է որպես հավասար քարոզչական հնարավորությունների իրավունքի խախտում, որն ավելացնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացի լեգիտիմությունը կասկածի տակ դնող փաստական հիմքը»,֊ ասված է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնությունը հայտարարում է, որ, կանգնելով այս փաստի առջև, ստիպված է կասեցնել Ոչ-ի Երիտասարդական ֆորումի կազմակերպման որոշումը և հայցում է հրավիրված բոլոր երիտասարդների ներողամտությունը։
Epress.am֊ը զանգահարել է հյուրանոց՝ մեկնաբանություն ստանալու համար։ Ընդունարանից մեզ պատասխանել են, որ հյուրանոցի մամուլի պատասխանատուն այս պահին հանդիպման է և կկարողանա հարցերին պատասխանել երկուշաբթի։