«Որպես ՀՀ քաղաքացի՝ ես հրաժարվում եմ մասնակցել դեկտեմբերի 6-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Հանրաքվեի անցկացումը և Սահմանադրական փոփոխությունների գործընթացը համարում եմ անօրինական»: Այս մասին ասված է Արփինե Գալֆայանի բաց նամակում, որը, ինչպես ինքն է նշել, հասցեագրվել է ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Մուկուչյանին, ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանին, Երևանի կենտրոնական անձնագրային բաժանմունքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Վիրաբյանին։ Նոյեմբերի 26-ին Գալֆայանը ևս երեք քաղաքացիների հետ միասին հայտարարություն էր տարածել՝ բացատրելով նման որոշման պատճառները։
Իր բաց նամակում Գալֆայանը նշում է, որ ընտրություններին չմասնակցելու որոշումը հայտարարում է նախապես, որպեսզի այն դիտարկվի որպես անհամաձայնություն և ընդզվման ակցիա իրականացվող անօրինականության հանդեպ:
«Սա հրապարակավ հայտարարություն է, որ ես գիտակցաբար չեմ գնում ընտրություններին, հրաժարվում եմ մասնակցել պետականության թուլացման այս գործընթացին և ինձ պարտավորված ու պատասխանատու չեմ զգում հետագայում այս ընտրություններից բխող որևէ արդյունքների համար:
Միաժամանակ այս գրությունը ընդունեք որպես պաշտոնական դիմում, ըստ որի ես պահանջում եմ իմ անունը հանել ՀՀ ընտրացուցակներից և չներառել դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի ընտրական ռեգիստրում», ֊ նշում է Գալֆայանը՝ բաց նամակին կցելով նաև իր անձնագրային տվյալները: