Ֆոտոլրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով ճանաչել իրավապահների կողմից իր խախտված իրավունքը։ Այս մասին նա ասել է Epress.am֊ի հետ զրույցում։
Ավելի վաղ Գևորգյանը պատմել էր, որ 2014 թվականի փետրվարի 12-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության իրազեկման երթի ժամանակ քաղաքացիական հագուստով մի խումբ երիտասարդներ հարձակվել էին ակտիվիստների վրա, խլել թռուցիկները, ինչպես նաև քաշքշել էին իրեն՝ փորձելով խլել տեսախցիկը։ Լրագրողը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ բաժնի պետը՝ Արտակ Պողոսյանը, հարվածել էր նրա դեմքին։ Գևորգյանի պնդմամբ՝ նրանից խլել են նաև տեսախցիկի հիշողության քարտերը։ Նա դիմել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, սակայն տուժող չէր ճանաչվել, ինչը լրագրողն իր իրավունքի խախտում է համարում։
Հարցին, թե ՄԻԵԴ֊ից ինչ ակնկալիքներ ունի, Անի Գևորգյանը պատասխանել է․ «Այս դեպքում կարևորը փոխհատուցումը չէ, այլ իմ խախտված իրավունքների վերականգնումը: Ցանկացած հանցագործություն, որն անպատիժ է մնում, բերում է նոր հանցագործությունների»:
Նա նշել է, որ հայտնի չէ՝ երբ կլինի իր դիմումի պատասխանը, սակայն «արագ լուծում չի ակընկալվում»: