Home / Հայաստան / Սառնաղբյուրում հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել ԶԼՄ֊ի ներկայացուցչին

Սառնաղբյուրում հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել ԶԼՄ֊ի ներկայացուցչին

Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված 36/39 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը (լուսանկարում) չի ցանկացել գրանցել այնտեղ ներկայացած www.asparez.am կայքի և «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչներին, որը ներկայացրել է անձնագիրը և ԶԼՄ կողմից տրված վկայականը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանում անցկացվում է նոր Սահմանդրության նախագծի հանրաքվեն։

Ըստ Բարսեղյանի՝ բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը գրանցել է asparez.am կայքի ներկայացուցչին, սակայն համառորեն հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին՝ պնդելով, թե դա նույն www.asparez.am կայքն է:

«15 [րոպե] տևած բանակցությունները արդյունք չեն տվել, հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը այդպես էլ չի հասկացել, որ «Ասպարեզ» օրաթերթը և www.asparez.am կայքը տարբեր զանգվածային լրատվամիջոցներ են, թեպետ դրանց հիմնադիրը նույն իրավաբանական անձն է, առաջինը տպվում է որպես տպագիր թերթ, իսկ երկրորդը լրատվական կայք է: Այսպիսով 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահը կատարել է ՎԻՎ 40.6 հոդվածով նախատեսված զանցանք՝ գրանցամատյանի ոչ պատշաճ վարում, ինչը ենթադրում է նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկ տուգանք», – հայտնում է Բարսեղյանը։

«Ասպարեզ» օրաթերթի խմբագիրը ժամը 08:15-ին բողոք է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին՝ հիշեցնելով, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:

Լուսանկարը հրապարակել է Լևոն Բարսեղյանը