Նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչներն արդեն 9 խախտում են արձանագրել Շենգավիթ համայնքի, թիվ 140 դպրոցի տարածքում տեղակայված 12/11 ընտրատեղամասում։
Մասնավորապես, դիտորդը հայտնում է, որ ընտրատեղամասում ներկա են եղել վկայական չունեցող կողմնակի անձինք, գրանցվել են բազմակի քվեարկության և ընտրողների ուղղորդման դեպքեր։
«Բազմակի են դեպքերը, երբ քվեարկողներն անհայտ անձանց ցույց են տվել իրենց քվեարկության արդյունքները մինչ քվեատուփ գցելը», ֊ նշում է «Քաղաքացի դիտորդ»֊ը։
Նախաձեռնությունը հայտնում է նաև, որ 30֊րդ ընտրատարածքային հանձնաժողովի (Վանաձոր) նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է 30/28 և 30/05 տեղամասեր և ահաբեկել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Հանձնաժողովի նախագահը սպառնացել է, որ դիտորդներին կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները:
Լուսանկարները՝ «Թրասփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության թվիթերյան էջից։ Տղամարդը շորերը փոխած քվեարկում է 11/3 ընտրատեղասում։