Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 10/20 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը քաշքշել է iLur.am լրատվական կայքի արտահաստիքային լրագրող Ռաֆայել Աֆրիկյանին, պատռել է նրա շորերը և ջարդել տեսախցիկը: Այս մասին գրում է iLur.am֊ը՝ նշելով, որ լրագրողը դիմել է դատախազություն:
Տեսանյութը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) կազմակերպության։
ԹԻ֊ի համաձայն, ՀՀԿ֊ի վստահված անձը բերման է ենթարկվել։
Hetq.am֊ը գրում է, որ Արաբկիր վարչական շրջանի 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ֊ի վստահված անձ Արթուր Հայկազի Խուրշուդյանը ներս է մտել, մոտեցել իրենց թղթակցին և գոռացել. «Հերիք չի էստեղ էդքան բզբզաք «Հետքից»»:
Կայքը նշում է, որ Արթուր Խուրշուդյանը խլել է «Հետքի» թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը, որտեղ լրագրողը գրում էր հերթական լուրը․ համակարգչի վրա բաց է եղել լրագրողի ֆեյսբուքյան էջը:
Մինչ լրագրողը փորձել է նկարահանել սպառնացող և համակարգիչը խլած անձին, նա հեռացել է տեղամասից՝ տանելով իր հետ համակարգիչը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել+ այն մասին, որ Չարենցավան քաղաքում տեղակայված 26/16 ընտրատեղամասում գտնվող լրագրող Սոնա Թադևոսյանը, ով ներկայացնում է «Ասպարեզ» լրագրողների ակումբը, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։