Home / Տեսանյութեր / Հանրաքվեի արդյունքները չպետք է համարվեն իրավական․ դիտորդներ

Հանրաքվեի արդյունքները չպետք է համարվեն իրավական․ դիտորդներ

Դեկտեմբերի 6֊ին կայացած նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի պաշտոնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը և չպետք է համարվեն իրավական։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ կարծիքի շուրջ համաձայնության են եկել հանրաքվեի ընթացքում դիտարկում իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հայաստանյան նախաձեռնության ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Արթուր Սաքունցը, «Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմ» (EPDE) միջազգային կազմակերպության փորձագետ Սերգեյ Տկաչենկոն և Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի փորձագետ Լենե Վետելանդը։

Ասուլիսի ընթացքում դիտորդները խոսել են բազմաթիվ օրինախախտումների՝ լցոնումների, դիտորդների և լրագրողների նկատմամբ աննախադեպ ճնշումների, քաղաքացիներին ուղղորդելու, բացակա անձանց փոխարեն քվեարկելու մասին։

Սերգեյ Տկաչենկոյի խոսքով՝ 6 միջազգային պատվիրակություններից, որոնք հետևում էին հանրաքվեի ընթացքին, առնվազն երկուսը խախտել են միջազգային դիտարկման չափորոշիչները: Օրինակ, ԱՊՀ երկրների պատվիրակության ներկայացուցիչներից Միխայիլ Պետրուշինը դեռևս երեկ ժամը 12:00-ին հայտարարել է, թե իրենք արձանագրել են, որ քվեարկությունը անցկացվում է օրենքի սահմաններում և ԱՊՀ դիտորդները ոչ մի խնդիր չեն տեսնում: Մինչև հանրաքվեի ավարտը Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուռովը նույնպես նշել է, որ ամեն ինչ հանգիստ է և խախտումներ չեն գրանցվում։

Լենե Վետելանդը, իր հերթին, նշել է, որ իրենց դիտորդները բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել։ Նորվեգացի փորձագետն ընդգծել է, որ հանրաքվեի ընթացքում աննախադեպ շատ են եղել լրագրողների և դիտորդների նկատմամբ ճնշումները, և դա հիասթափեցնող փաստ է։

Ասուլիսի մասնակից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ առնվազն 3 ընտրատեղամասերում՝ 29, 27, 32 իրենց դիտորդների հաշվարկած թվի և պաշտոնապես հրապարակած թվի միջև կան տարբերություններ:

«Դա խոսում է բացակաների փոխարեն քվեարկության փաստի մասին: Ոստիկանությունը և ընտրական հանձնաժողովները, որոնք պարտավոր էին ընտրական պրոցեսը իրականացնել և ապահովել օրենսդրության նորմերին համապատասխան ընտրություններ, բացարձակապես անգործության էին մատնված ընտրական խախտումները հայտնաբերելու և արձանագրելու տեսակետից», – հայտարարել է Սաքունցը։

Նա նաև պատմել է, որ ինքը ստիպված է եղել դիտորդներից մեկի փոխարեն գնալ Վանաձորում տեղակայված 30/35 ընտրատեղամասը, քանի որ այնտեղ գտնվող դիտորդների ծնողների նկատմամբ սկսել են ճնշումներ գործադրել՝ ասելով՝ եթե իրենց աղջկան չհանեն տեղամասից, աշխատանքից կզրկվեն: Կամ դիտորդին, որը դպրոցի ուսուցիչ է, գյուղերից մեկում ասել են, որ եթե չհեռանա տեղամասից, աշխատանքից կհեռացնեն:

«Սրանք էպիզոդներ չեն, սրանք աննախադեպ են ու համակարգային», – ասել իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ ԿԸՀ֊ի կողմից հրապարակած տվյալներին չի վստահում, դրանք համարում է նկարած:

«Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ֊ի փորձագետ֊փաստաբան Տիգրան Եգորյանն ասել է, որ հետաքրքիր պատկեր է ստացվել դիտորդների կողմից վերահսկված և չվերահսկված տեղամասերի համեմատության արդյունքում։

«Արդյունքների համադրությունը ցույց է տալիս անհավանական տարբերություններ, որոնք հնարավոր չեն և լուրջ բացատրության կարիք ունեն: Միևնույն համայնքի երկու հարևան տեղամասերի միջև անհնար է այդքան հակադիր տարբերություններ [լինեն]: Դա վկայում է կոնկրետ միջամտության մասին», – ընդգծել է նա:

Նշենք, որ ԱՊՀ երկրները ներկայացնող դիտորդական խումբը դրական գնահատական է տվել հանրաքվեի ընթացքին։ ԱՊՀ դիտորդները նման գնահատականներ են հնչեցրել նաև Հայաստանում նախկինում դիտարկված նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքում։