Նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ սոմատիկ հիվանդություններ չեն հայտնաբերվել, սակայն հոգեկան խնդիրների հետ կապված ազգականները մտահոգություններ ունեն: Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Պայմանագրային զինծառայողի քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, կայքին պատմել է, որ երեկ հարազատներն այցելել են Շուշիի քրեակատարողական հիմնարկի բուժհաստատությունում գտնվող Անդրանիկին. վերջինիս պահվածքը, ըստ Հարությունյանի, խիստ մտահոգությունների տեղիք է տվել:
«Իրեն շատ տարօրինակ էր պահում: Մեզ ճանաչեց, բայց ոչ մի ռեակցիա չտվեց: Իրեն նման չէր: Ես լսել էի, որ ոչ ադեկվատ է իրեն պահում, բայց իմ աչքերով տեսա ու… աչքերից չէի հավատում»,- ներկայացրել է Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք այս պահին դատաբժշկական փորձաքննության արդյունքներին են սպասում:
Հարությունյանի փոխանցմամբ՝ հայրենադարձված ազգականին իրենք չեն մոտեցել, ապակու ետևից են խոսել հետը: Քննիչներն էլ, ըստ Հարությունյանի, վստահեցնում են, որ եթե ապացուցվի Անդրանիկի՝ հոգեկան խանգարումներ ունենալու փաստը, դասալքության հատկանիշներով հարուցված քրգործը կկարճվի. «Ծնողներին էլ տեսավ, որևէ արձագանք չտվեց: Տպավորություն էր, որ նույնիսկ ուրախ չէր մեզ տեսնելով: Բժիշկները 5-10 օրը մեկ բուժզննում են անում: Բայց հույս չունենք, որ լավ կլինի: Ասում է՝ մեր գյուղում ճոպանուղի է բացվել, գնացե՞լ նստել եք, կամ ասում է՝ ուզում էի գնայի Կասպից ծովում լողանայի, թուրքրեը չթողեցին: Ձեռքս միշտ վնասված է եղել, ինձ ասում է՝ էդ ե՞րբ ձեռքդ կտրեցիր, հո չի ցավում»:
Զինծառայողի բարեկամն ասել է նաև, որ Անդրանիկի՝ Ադրբեջանի սահմանն անցնելուց մեկ ամիս անց, նրա պայմանագրի ժամկետը պետք է լրացվեր. այսինքն՝ ծառայությունից խուսափելու վարկածը հարազատները բացառում են. «3 տարվա պայմանագիր էր կնքել, մի ամսից պիտի լրանար ժամկետը, ու այդ դեպքը եղավ: Հիմա Երևանից հանրային դատապաշտպանն է գալու: Սպասենք՝ տեսնենք՝ ինչ կլինի»:
Հարցին՝ ինչպես է նա ծառայության անցել, եթե առողջական խնդիրներ ուներ, Հարությունյանն ասել է, թե Անդրանիկն ըստ արժանվույն բուժզննում չի անցել: Նրա խոսքով՝ Ադրբեջանում եղած օրերի մասի Անդրանիկը որևէ բան պատմելու հնարավորություն չի ունեցել. քննիչներն ասել են, որ պետք է խոսեն միայն իրենց՝ հարազատների մասին՝ քննությանը չխանգարելու նպատակով. «Իրեն այնպես էր պահում, ոնց որ ինչ-որ լուրջ բան է ուզում պատմել. երևի այնտեղ արտառոց դեպք էր եղել»:
Անդրանիկ Գրիգորյանը ղարաբաղա֊ադրբեջանական սահմանը հատել էր այս տարվա մարտի 22֊ին։ Զենք-զինամթերքը նա թողել էր մարտական հենակետում: Միջադեպից հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել էր, որ զինվորի արարքը մեկնաբանության ենթակա չէ և ավելացրել․ «Կարծում ենք՝ ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ մինչև ատամները զինված հարձակվել էր Ադրբեջանի վրա, և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»։
Հովհաննիսյանի մեկնաբանությունից մեկ օր անց ադրբեջանական ԶԼՄ֊ները տեսանյութ տարածեցին, որում երևում է, թե ինչպես է Գրիգորյանը՝ սպիտակ կտորը ձեռքին, քայլում տեսախցիկի ուղղությամբ։ Կադրից դուրս ինչ֊որ մեկն ադրբեջաներեն ասում է․ «Մի կրակեք, մի կրակեք, թող մոտենա, թող գա։ Մի վախեցեք, ինքը աջից է գալիս, այնտեղ ականներ չկան»։
Զինծառայողի հայրը՝ Արարատ Գրիգորյանը, Azatutyun.am-ին պատմել էր, որ որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել։ Հոր խոսքով՝ վերջին անգամ, երբ Անդրանիկը տուն էր եկել, շատ անտրամադիր էր և այդպես անտրամադիր էլ հետ է գնացել զորամաս: Հեռախոսով ծնողները չէին կարողացել համոզել Անդրանիկին ինչ֊որ բան ասել իր վիճակի մասին: Արարատ Գրիգորյանի խոսքով՝ որդին զորամասի հրամանատարությանը խնդրել էր, որպեսզի փոխեն իր ծառայության վայրը: Գրիգորյաններն ապրում են Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղում: