հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Արտակ Գևորգյանին ազատ են արձակել ԱԱԾ-ից (թարմացված)

Արտակ Գևորգյանին ազատ են արձակել ԱԱԾ-ից (թարմացված)

19:00 Արվեստագետ Արտակ Գևորգյանին ազատ են արձակել ԱԱԾ-ից: Ինչպես գրում է armtimes.com-ը, նա վերադարձել է իր ընկերների մոտ և պատմել, որ ԱԱԾ-ի ճանապարհին՝ մեքենայի մեջ, իր նկատմամբ բռնություն են կիրառել և հայհոյել: Առայժմ չկա տեղեկատվություն, թե ինչու են Գևորգյանին տարել ԱԱԾ:

16:50 Արվեստագետ Արտակ Գևորգյանը գտնվում է ԱԱԾ֊ում, նրա հետ բերման ենթարկված Արեգ Առաքելյանին արդեն բաց են թողել։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասացին ՀՀ օմբուդսմենի գրասենյակից՝ նշելով, ըստ իրենց տեղեկությունների, Արտակ Գևորգյանին, ըստ սահմանված կարգի, բաց կթողնեն երեք ժամվա ընթացքում։ Թե ինչ գործով են տարել Գևորգյանին օմբուդսմենի գրասենյակին հայտնի չէր։

15:50 Քիչ առաջ Երևանի կենտրոնական Եզնիկ Կողբացի փողոցից առևանգվել են քաղաքացիական ակտիվիստներ Արտակ Գևորգյանն ու Արեգ Առաքելյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Վահագն Գևորգյանը։ 

Գրառման համաձայն, քաղաքացիական հագուստով անձինք երիտասարդներին ձեռնաշղթաներ են հագցրել, նստացրել մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ։

«Տարածեք անպայման, էս առևանգման մասին հայտարարություն ա», ֊ գրել է Գևորգյանը։

ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը Epress.am֊ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ակտիվիստները ոստիկանության կողմից բերման չեն ենթարկվել։

Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ, արվեստագետ Արտակ Գևորգյանը երեկ երեկոյան ևս բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակի դռան վրա ներկ շփելու կասկածանքով։