15։30 Ոստիկանության կողմից առավոտյան ուժով դատարան բերման ենթարկված ինժեներ Վարդգես Գասպարին դատական նիստի ընթացքում ոչինչ չի խոսել։ Epress․am–ի հետ զրույցում Գասպարին նշել է, որ ինքը և իր փաստաբանները չեն մասնակցելու դատավարությանը։
«Դատարանում ասում էին, որ պետք է հանրային պաշտպան տրամադրեն, որպեսզի կարողանան ինձ դատարանից հեռացնել ու իմ բացակայությամբ դատ անել։ Ճիշտն ասած, ես չեի լսում, թե ինչ էին ասում ու ոչ մի բան չեմ խոսել»։
Գասպարիի խոսքով՝ նիստը կարճ է տևել, դատարանից ոստիկաններն իրեն հանել ոտքերից և ձեռքերից բռնած և դրել են դատարանի բակում։
13։00 Ոստիկանության աշխատակիցներն այսօր` դեկտեմբերի 11֊ին, բռնի ուժով դատարան բերման են ենթարկել ինժեներ Վարդգես Գասպարիին, երբ վերջինս հրաժարվել է ինքնակամ ներկայանալ։
A1plus.am֊ի փոխանցմամբ, ոստիկանները Գասպարիին տարել են իր տանից՝ ոտքերից ու ձեռքերից բռնած նստեցնելով մեքենան։
Գասպարիին բերման ենթարկելու որոշում էր կայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը՝ 2014 թվականի ապրիլի 7-ին Վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեներին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու կապակցությամբ հարուցված վարչական գործի շրջանակում։
Գասպարին այդ գործով նախավերջին նիստի ժամանակ հայտարարել է,ր որ այսուհետ բոյկոտում է դատարանը և հեռացել է նիստերի դահլիճից։ Նա ասել է, որ չի վստահում դատարանին, իսկ դրա պատճառներից մեկն այն է, որ Նելլի Բաղդասարյանը, շուրջ 6 ամիս չքննելով Գասպարիի միջնորդությունը, ի վերջո հայտարարել է, որ չի քննի այն՝ մինչև «էական հանգամանքներ» ի հայտ չգան։
Միջնորդությամբ Գասպարին պնդում էր, որ գործի վերաբերյալ դատական նիստի ժամանակ ոստիկանության աշխատակից Սոնա Մելիքյանը ստել է, ինչը առիթ է, որպեսզի դատարանը՝ հանձին Նելլի Բաղդասարյանի, դիմի դատախազություն՝ սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հարուցելու նպատակով։
Տեսանյութը՝ A1plus.am֊ի