Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին՝ Հայաստանում անմաքս տարածքներ բացելու հարցի քննարկման ժամանակ, բանավիճել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Փոստանջյանն իր ելույթում նշել է, որ քննարկվող նախագիծը մեծ ազդեցություն չի ունենալու Հայաստանի հանրային կյանքի վրա, այդ իսկ պատճառով պատգամավորը նախընտրել է անդրադառնալ Կառավարության անցյալ տարվա գործունեությանը և ԵՏՄ֊ին Հայաստանի անդամակցության հարցին․ «Արդեն 1 տարի է՝ անդամակցում ենք ԵՏՄ-ին ու հասկանում ենք, որ այն բացասական ազդեցություն ունի ինչպես տնտեսության վրա, այնպես էլ քաղաքական համակարգի վրա։ 2016 թվականին ավելի ցավոտ տարի է լինելու։ Նման իրավիճակում միակ ելքը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ Կառավարության հեռացումն է։ Դրա համար մենք պետք է ցույց տանք անհնազանդություն և հարկերը չվճարելով՝ զրկենք ռեժիմին ֆինանսավորման աղբյուրներից։ 2012 թվականից պարզ էր, որ Ռուսաստանի տնտեսությունն անկում է ապրելու, իսկ մեզ մտցրեցին ԵՏՄ֊ի մեջ, որ մենք էլ անկում ապրենք»։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, միջամտելով ելույթին, պատգամավորին կոչ է արել խոսել ըստ էության։
«Կխնդրեմ չընդհատեք և չխախտեք ԱԺ կանոնակարգ օրենքը։ Դուք դրա իրավունքը չունեք, Դուք Գալուստ Սահակյանը չեք», ֊ պատասխանել է Փոստանջյանը։
«Ես Գալուստ Սահակյանը չեմ, Էդուրադ Շարմազանովն եմ․ անջատե՛ք խոսափողը», ֊ իր հեթրին, ասել է Շարմազանովը։
Խոսափողն անջատելուց հետո էլ, սակայն, Զարուհի Փոստանջյանը չի լքել ամբիոնը՝ պահանջելով չխախտել իր խոսքի ազատությունը և միացնել խոսափողը, քանի որ ինքը դեռ 3 րոպե ուներ ելույթի համար։
Շարմազանովը չի համաձայնել Փոստանջյանին ելույթի իրավունք տալ․ «Գնացե՛ք ձեր կուսակցությունում մի իրավաբան գտեք, որ ԱԺ կանոնակարգը Ձեզ սովորեցնի։ Սա մանկապարտեզ չի, խնդրում եմ, հորդորում եմ Ձեզ հեռացեք…
Դե տենց մնացեք, մարդիկ թող չաշխատեն։ Օգտվեք էն հնարավորությունից, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք, չեմ կարող գալ, գրկել ու տանել ձեզ դուրս… Մի ջենտլմեն չկա՞, որ գա ձեզ հրավիրի դուրս: Ես գիտեի՝ դուք ադեկվատ մարդ եք, սակայն ընթերցեմ՝ ինչ է ասում Կանոնակարգ օրենքը կարգազանց պատգամավորների համար… արա, էս ով ա, արա»։
Չնայած Շարմազանովն ընթերցել է ԱԺ կանոնակարգ օրենքի 45-րդ հոդվածը, համաձայն որի նիստի վարողը կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով և կարգազանցներին հեռացնել նիստերի դահլիճից, այնուամենայնիվ, Փոստանջյանը չի լքել ամբիոնը, և Շարմազանովը ստիպված է եղել 20 րոպե ընդմիջում հայտարարել։
Ընդմիջումից հետո Փոստանջյանը ևս 3 րոպե է ստացել ու ավարտել է իր ելույթը՝ նշելով, որ ընդդիմադիրները փորձելու են ազատվել Հայաստանում իշխող ռեժիմից։ Նա ասել է, որ Սահմանադրության նախագծի դեմ պայքարողները հանրահավաքներ են սկսելու մարզերում, թույլ չեն տալու, որպեսզի «հանցավոր ռեժիմը մարսի կեղծված հանրաքվեն»։