ՀՀ ԱԱԾ-ն երեկ հրաժարվել է հայտնել, թե նոյեմբերի 25–ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Նախաքննական մարմինը այս պահին նպատակահարմար չի գտնում կալանավորվածների թիվը հրապարակել»,– «ՀԺ»֊ի թղթակցին ասել են ԱԱԾ մամուլի ծառայությունից և հորդորել մի քիչ համբերել, պաշտոնական հաղորդագրություն կլինի։
«Մինչ ԱԱԾ-ն հրաժարվում է թիվ հրապարակել, իշխանական կուլիսներում և իրավապահ շրջանակներում խոսվում է, որ կալանավորվածների թիվը հասել է մի քանի տասնյակի, այնինչ, դեպքից 2 օր անց պաշտոնապես հայտարարվեց ընդամենը 21 կալանավորվածի մասին», ֊ գրում է թերթը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։
Մանրամասները՝ «ՀԺ»֊ի այսօրվա համարում