հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Սպանված կուրսանտի գործով նիստը կրկին հետաձգվեց․ տուժող կողմը դժգոհ է

Սպանված կուրսանտի գործով նիստը կրկին հետաձգվեց․ տուժող կողմը դժգոհ է

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստն արդեն երկրորդ անգամ հետաձգվում է։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօրվա նիստը հետաձգել է, քանի որ մեղադրյալների փաստաբաններից մի քանիսը դատարան չեն ներկայացել:

Մեկ ամիս առաջ տեղի ունեցած առաջին դատական նիստը հետաձգվել էր նույն պատճառաբանությամբ: Դատավորը բացակա փաստաբանների մասին խոսելիս մեկ օրինակ է նշել՝ ընդգծելով, որ 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանի պաշտպան Աստղիկ Ղազարյանը դատարանին հաղորդել էր, որ ինքը վատառողջ է և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին: Հարությունյանն ասել է, որ մեղադրյալի պաշտպանը նախորդ նիստին իր բացակայությունը նույնպես հիվանդությամբ էր բացատրել։

Դատավորը համարել է դա անբարեխիղճ և անհարգալից վերաբերմունք դատական գործընթացի հանդեպ և առաջարկել է մեղադրյալ Մովսես Ազարյանի կողմին նոր պաշտպան գտնել: Հարությունյանն ասել է, որ հաջորդ անգամ դատարանի հանդեպ այդպիսի վերաբերմունքի դեպքում դատական սանկցիաներ կիրառելու կարիք կլինի: Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 24-ին։

Սպանվածի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել՝ ասելով, որ ինքը չի հասկանում, թե ինչու է դատական նիստը կրկին հետաձգվել. «Եթե նա [փաստաբանը] լուրջ հիվանդություն ունի, մեկ օր առաջ կարող էր ասել և ոչ թե րոպեներ առաջ զանգի, ասի՝ ես չեմ կարող գալ, լուրջ հիվանդ եմ»:

Բարսեղյանն ընդգծել է, որ ինքը դատավարությունը ձգձգելու մեջ միտում է տեսնում, սակայն չի կարողացել ասել, թե կոնկրետ ինչ նպատակ ունի մեղադրվող կողմը։

Սպանված կուրսանտի հայրը նշել է, որ, իր տեղեկություններով, Մովսես Ազարյանը երկու դատապաշտպան ունի և, եթե փաստաբաններից մեկը վատառողջ էր, կարող էր մյուսը ներկայանալ։

Նա նաև պատմել է, որ Հայկազ Բարսեղյանի տատը նամակ է ուղարկել ՀՀ նախագահի նստավայր՝ պատմելով, որ նախորդ նիստի ժամանակ տուժողի հարազատներին սպառնացել են և խնդրելով, որպեսզի դատարանի դահլիճում ապահովեն իրենց անվտանգությունը։ Նամակը կապված է եղել նախորդ նիստին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ Հայկազ Բարսեղյանի հարազատները անեծքներ ու վիրավորանքներ են հնչեցրել մեղադրյալների ու նրանց հարազատների հասցեին, իսկ վերջիններս սպառնալիքներով էին պատասխանել։ Բարսեղյանի խոսքով՝ իրենց ասել էին․ «Ձեր դեմքը լավ հիշում ենք, հելնեք դուրս, տեսեք ինչ ենք անելու»։

Հայրը նշել է, որ նախագահականից պատասխան են ակնկալում 1 ամսվա ընթացքում։ Նրա խոսքով, սակայն, իրենք չեն պատրաստվում սպառնալիքների հարցով դիմել ոստիկանություն, քանի որ մեկ այլ քրեական գործ հարուցելու դեպքում բուն դատավարության ընթացքից և սպանության գործից ուշադրությունը կշեղվի։

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանին գտել են հունվարի 29-ին վաղ առավոտյան ռազմական ինստիտուտի տարածքում պտտաձողից կախված վիճակում։ Նախաքննության համաձայն, կուրսանտին կախելուց առաջ փակել են նրա բերանը՝ զրկելով օգնության կանչելու հնարավորությունից, սուր կտրող֊ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։

Ավելի վաղ Բարսեղյանի հայրը Epress.am֊ի հետ զրույցում ասել էր, որ իր որդուն սպանողները փորձել են ապացույցներ թողնել սպանության վայրում, թե իբր իր որդին ինքնասպան է եղել, մասնավորապես, որդու ձեռագիրը նմանակելով, գրել են երկտող, որտեղ նշված է եղել, թե իր մահվան մեջ ոչ մեկին պետք չէ մեղադրել։ Նախաքննությունը, սակայն, պարզել է, որ երկտողը եղել է ինքնասպանության իմիտացիա։ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: