Home / Հայաստան / Նախարարությունը 10 տարում մոտ 16 միլիոն դրամի գույք և դրամաշնորհներ է ստացել

Նախարարությունը 10 տարում մոտ 16 միլիոն դրամի գույք և դրամաշնորհներ է ստացել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ՝ 2014 թվականին Տարածքային կառավարման և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվել են) 2005-2014թթ. ընթացքում այլ պետությունների և Եվրամիության մարմինների կողմից ստացել է 6.2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ և մոտ 9.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գույք, ինչը դրամային արտահայտմամբ կազմում է մոտ 16 միլիոն: Այս մասին վկայում են ՏԿԱԻՆ֊ի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրած տվյալները։

Մասնավորապես, 2010թ. Ճապոնիայի կողմից ՀՀ ՏԿԱԻՆ-ը ստացել է 28 հրշեջ մեքենաներ և դրանց պահեստամասեր՝ շուրջ 8.3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից 2010թ. «Արձագանք. Բուժմիավորումներ» անվանումով դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՏԿԱԻՆ-ին է հատկացվել 26.6 հազար ԱՄՆ դոլար: Նույն գործակալության կողմից 2013թ.-ին հատկացվել է 750.0 հազար ԱՄՆ դոլար «Աջակցություն տարածաշրջանային արագ արձագանքման թիմերին» ծրագրի իրականացման համար:

«Եթե այս դրամաշնորհներին գումարենք Շվեյցարիայի կողմից ՏԿԱԻՆ-ին հատկացված անհատույց գույքը, ապա կստացվի, որ գումարային Շվեյցարիան հատկացրել է մոտ 1.2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ», ֊ նշում է կազմակերպությունը։

2011-2013թթ. Եվրոպական տարբեր կառույցներից ՏԿԱԻՆ-ը ստացել է 489.7 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ։

Մինչև միավորվելը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, համագործակցելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, միջոցառումներ էր կազմակերպել «Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Հրազդանում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր ՀՀ Կոտայքի մարզի 7 և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքների համար: Ծրագրի դրամաշնորհային մասը կազմում է մոտ 4.7 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ ՏԿԱԻՆ-ը 2006-2014 թվականների ընթացքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (UNDP) կողմից ստացել 434.0 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք, որը հիմականում համակարգչային տեխնիկա է:

ԱՄՆ-ից, Գերմանիայից և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունից ՀՀ ՏԿԱԻՆ-ը անհատույց ստացել է համապատասխանաբար 167.3, 127.7 և 192.7 հազար դոլար արժողությամբ գույք:

Այլ պետություններից ստացվել է մոտ 179.0 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ կամ անհատույց գույք:

Կազմակերպությունը նշում է, որ անհատույց հատկացված գույքի ցանկը բավական լայն սպեկտր է պարունակում՝ սկսած ճապոնական հրշեջ մեքենաներից վերջացրած էստոնական օրացույցներով ու լեհական մուրճերով: Սակայն ՏԿԱԻՆ-ից ստացված տվյալները միշտ չէ, որ պարունակում են գույքի արժեքը, ուստի իրականում ներկայացված թվերը մինիմալ են, եզրափակում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։

tkaingraf1