Home / Հայաստան / Ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները վարձակալության հարկերը թաքցնում․ «Ժողովուրդ»

Ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները վարձակալության հարկերը թաքցնում․ «Ժողովուրդ»

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ երկրի քաղաքացիները վարձակալության դիմաց պետք է պետբյուջե հարկ վճարեն։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք տարեկան հայտարարագիր են ներկայացնում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, նշում են, թե վարձակալության դիմաց որքան եկամուտ են ստացել, սակայն, ուսումնասիրելով նրանց ներկայացրած հայտարարագիրը, պարզ չէ, թե ինչ գույք են նրանք վարձակալության տվել և արդյո՞ք վարձակալության դիմաց ստացած եկամուտից հարկային մարմնին հարկ վճարել են, թե՞ ոչ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում «Ինչպե՞ս են վարձակալության հարկերը թաքցնում» հոդվածում գրում է Քնար Մանուկյանը.

«Եվ այսպես, օրինակ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 180 մլն դրամ և 3 մլն 435 հազար դոլար։ Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հովհաննես Հովսեփյանը վարձակալության դիմաց ստացել է 9 մլն 720 հազար դրամ։ «Ժողովուրդ»֊ը փորձեց Ֆինանսների նախարարությունից պարզել՝ ի՞նչ է վարձակալության տվել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը և ստացած եկամուտից հարկային մարմին որքա՞ն հարկ է վճարել։ Սրանք կարևոր հարցեր են, քանի որ ձախակողմյան ճանապարհով ստացած ցանկացած եկամուտ կարելի է պաշտոնապես ձևակերպել որպես «վարձավճար» և մնալ անպատիժ։

Ի պատասխան մեր հարցման՝ ահա թե ինչ են հայտնել Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից․ «Տեղեկացնում ենք, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկ վճարողի կամ ապահովադրի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկատվություն համարվում է հարկային գաղտնիք, բացառությամբ հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների։ Հետևաբար, Ձեր կողմից պահանջված տեղեկությունները հանդիսանում են հարկային գաղտնիք»։

Այսպիսով, պետական օղակները, միմյանց օգնելով, ըստ էության, կոռուպցիոն երևույթների տարածման հող են նախապատրաստում։ Ու թվացյալ թափանցիկ գործընթացի հենց այն մութ կետը երբ փորձ ենք անում բացահայտել, բախվում ենք օրենքի արհեստական պատնեշի՝ հարկային գաղտնիքի անվան տակ։

Ու սրա համար էլ ամենևին զարմանալի չէ, որ օրինակ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը, ըստ իր կողմից ներկայացված հայտարարագրի, աշխատավարձից բացի, 12 մլն 150 հազար դրամի եկամուտ է ստացել վարձակալության դիմաց։ Նույնիսկ գերշահույթներ է ստացել նաև մոտ մեկ տարի առաջ գերընդդիմադիր, հիմա արդեն փափկասուն պատգամավորի իմիջ ստացած ԲՀԿ ֊ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա իր 2014 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ 9,6 միլիոն դրամ եկամուտը ստացել է թվով վեց տարածքների վարձակալության տալու դիմաց։ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ ֊ի Արտակը, որ խոշոր գործարար է համարվում, 2014 թվականին ներկայացրած իր հայտարարագրում նշել է՝ 2 մլն 646 հազար դրամի և 46 հազար 590 դոլարի եկամուտ էլ ստացել է տարածքի վարձակալության դիմաց։ Ինչ տարածք, ում, ինչ պայմանով է վարձով տվել, դրանից ինչքան հարկ է վճարել պետությանը, անհայտ է»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում