Home / Հայաստան / Ուղևորություն Դաղստան

Ուղևորություն Դաղստան

01_bazar

Մախաչկալա

Առաջին տեսարժան վայրը, որն ինձ ցույց տվեցին քաղաքում, Կարիճալեռան վրա գտնվող բանտն էր. «Հնագույն շինություններից մեկն է՝ կայազորի վերակառուցված ամրոցը: Այն ժամանակվա պատերը պահպանվել են»։ Տեսարժան վայրերի թվում էր նաև Մախաչկալայում գեղեցկագույնը համարվող՝ 19-րդ դարում կառուցված առանձնատունը: Տեղացիները նաև առաջարկեցին զբոսնել բազմաթիվ շուկաներում. «Մեր ամբողջ քաղաքը մի մեծ շուկա է»։

02_fish

Շուկաներում փորձում էի նկարել ու շփվել: «Ի՞նչ ազգության եք պատկանում»,- այս հարցին Մախաչկալայում մեծ հաճույքով են պատասխանում. Դաղստանում խաղաղ գոյակցում են ավելի քան 30 ազգի ներկայացուցիչներ:

Մի տղամարդ, ստանալով իր դիմանկարը, կես ժամ անց վերադարձավ՝ նկարը ձեռքին. «Ուշադիր զննելուց հետո հասկացա, որ քիթս չափից ավելի մեծ է ստացվել»: Մոդելներից մյուսը՝ մի մեղրավաճառ կին, նույնպես դժգոհեց իր նկարից. «Բոլորն ասում են, որ ես ուղիղ հունական քիթ ունեմ: Իսկ նկարի վրայինն արծվաքիթ է»։

Այս կինն ինքը խնդրեց, որ իրեն նկարեմ որդու հետ: Տարեց մի անցորդ մեջքիս հետևից նկատեց, որ իսլամն արգելում է մարդուն պատկերելը:

03_Maryam

«Մահմեդականներին հարիր չէ թույլ տալ իրենց նկարել։ Ես մեղք չե՞մ գործում»։

Ջեմալի անվան ուսումնարանի ուսանողները, որտեղ դասախոսություն կարդացի, պատմեցին դեպքերի մասին, երբ մարդիկ ընդունվում են արվեստի բաժիններ, ապա հրաժարվում նկարել մոդելներին՝ կրոնական համոզմունքներից ելնելով: «Իսկ որոշ «փակ» աղջիկներ ոչնչացնում են մոդելներով աշխատանքները դիտումներից հետո: Նրանք ցանկանում են միայն զգեստների դիզայնով զբաղվել»: «Փակերը» հիջաբ կրող կանայք ու աղջիկներն են:

04_the teacher

«Կրոնը թույլ չի տալիս նկարել մերկ բնորդների»։

Գեղարվեստի բաժնում «մերկություն» չկա: «Կուրսերից մեկում մի անգամ նկարում էին առանց վերնաշապիկի տղայի»,- հիշեցին ուսանողները: «Այն էլ՝ փակ դռների հետևում: Բնորդը չէր ցանկանում, որ մարդիկ իմանան, որ ինքն էր պատկերված»։

05_Musa

«֊ Ինձ դուր է գալիս ժամանակակից արվեստը, քանի որ այն անհասկանալի է։

֊Չե՞ք ցանկանում՝ դաղստանցիները հասկանան այն ու գան ցուցահանդեսներին։

֊Ոչ։»

Երկխոսություն սոցիալական արվեստի մասին իմ դասախոսությանը եկած ուսանողի հետ։

«Եթե ինչ֊որ մեկը դեմ լինի իմ նկարելուն, ես կբարկանամ»։ Ուսանողուհիներ Սաիդան ու Ռաիսաթը

06_Kizilurt

«Իսկ կինը Դաղստանում ի՞նչ կարող է անել»,- ասում է Սաիդան: «Իսլամի համաձայն՝ կինը չի կարող ոչ պարել, որ երգել»:

Ընկերուհիներ Սաիդան ու Ռաիսաթը եկել են Քիզիլյուրթ փոքր քաղաքից. նրանք համատեղ բնակարան են վարձում: Նրանց ընտանիքները հանգիստ թույլ են տվել աղջիկներն ընդունվեն արվեստի բաժին, իսկ Սաիդայի մայրը նույնիսկ օգնում է կախել աշխատանքները ցուցադրությունների ժամանակ:

Սաիդա.

Երբ փոքր էի, տեսա հավատացյալ ընտանիքից մի սպիտակազգեստ ու շալով աղջնակի: Նա այնքան գեղեցիկ էր: Այն ժամանակ առաջին անգամ մորս խնդրեցի՝ ինձ համար գլխաշոր գնի: Երբ սկսեցի կարդալ Ղուրանը, հասկացա, որ գլխաշորն ինքս իմ համար եմ կրում: «Բաց» աղջկան ցանկացածը կարող է մոտենալ ու հարցնել հեռախոսահամարը: Ես նախընտրում եմ շրջել հիջաբով, տունիկայով ու ջինսերով:

Ուսանողուհի Մադինա.

Ես ուզում եմ գլխաշոր կրել, բայց ծնողներս կմտածեն, որ ինձ հավաքագրել են վահաբիստները: Ծանոթներիցս մեկի ամուսնուն հավաքագրել էին, ու նրանք երեխաների հետ գնացին Սիրիա: Նրանք համոզված են, որ եթե այնտեղ մահանան, ապա անպայման դրախտ կընկնեն: Կան աղջիկներ, որոնք, տնից դուրս գալով, հանում են գլխաշորը: Կան նաև այնպիսիք, որոնք ծնողների աչքից հեռու կրում են այն:

Ուսանողուհի Ումայի մայրը երգ-երաժշտության ուսուցչուհի է, իսկ հայրը՝ նկարիչ: «Երբ ասացի, որ ցանկանում են նկարիչ դառնալ, հայրս լուռ դուրս եկավ սենյակից: Ու վերադարձավ՝ նկարչական ալբոմը ձեռքին»:

07_Uma

«Աղջիկներին ձգտում են որքան հնարավոր է շտապ ամուսնացնել, քանի դեռ նրանք սեփական կարծիքը չունեն»։

«Որքան հնարավոր է շտապ»՝ նշանակում է մինչև 20 տարեկանը: Դաղստանում կարևոր է, որ ամուսինը կարողանա կնոջն իր ուզածի պես դաստիարակել:

Մախաչկալայում շատ են ընդգծված սեքսուալ տեսք ունեցող կանայք: Փորձում էի ծանոթանալ «բոմբերից» մեկի հետ (մոդայիկ կանանց ենթամշակույթ՝ երկար սև մազերով ու լցրած շուրթերով) ու հանդիպեցի մի ֆոտոմոդելի։

08_model

«Ես կկարողանամ քեզ փոխանցել իսլամի հմայքը»,֊ ասաց ամուսինս։ Ես հագա գլխաշորն ու զգացի, որ մահացա։

Բոլորովին երիտասարդ աղջիկն արդեն հասցրել է ամուսնանալ, բախվել ընտանեկան բռնության հետ ու ամուսնալուծվել: Դիմանկարն անանուն է, քանի որ Դաղստանում ֆոտոմոդելները սակավաթիվ են. «Այստեղ մոդել լինելը վտանգավոր է: Ես փողոցներում չեմ շրջում»։

09_the bus

«Փակ» կանայք ավտոբուսում

Լեռնային գյուղեր՝ Կիդերո, Մոքոք, Բեժտա

Մախաչկալայում ծանոթացա ազգագրագետ Պատիմաթ Մահոմեդովայի հետ: Պատյան ինձ հրավիրեց միանալ ուղևորությանը դեպի Վրաստանին սահմանակից լեռնային գյուղեր: Կիդերո գյուղում նրան հաջողվեց հարցազրույց վերցնել մի կնոջից, ով տարիներ շարունակ հետևյալ «վիրահատությունն» է իրականացնում:

10_obrezanie

«Անում եմ այնպես, ինչպես խորթ մայրս է սովորեցրել։ Բոլորին ասում եմ, որ կարող եմ սովորեցնել։ Մի բուժքույր ցանկացավ, բայց ինչպե՞ս պիտի ցույց տայի։ Թող աղջիկ բերի»։

Այշաթ.

Կտրում եմ մի փոքրիկ կետ, որպեսզի արյուն գա: Մի կաթիլ արյունը բավական է: Խորհրդային տարիներին թլպատում նույնպես անում էին: Ես աղջիկներին թլպատում են մինչև նրանց դաշտանը. դրանից հետո իրենք էլ են ամաչում, ես էլ: Երբ ինձ էին անում, իմ առջև տարիքով ավելի մեծ մի աղջիկ բղավում էր «ցավո՜ւմ է»: Փորձեցի փախչել, տատիկս բռնեց ու հետ բերեց: Ապա նա ինձ բացատրեց. «Հիմա գեղեցիկ կլինես, նամազ կանես, լավ կսովորես»։

Ինչո՞ւ են թլպատում: Որոշ կանայք այդ հարցին պատասխանեցին. «Մեզ արել են, մենք էլ մեր դուստրերին կանենք»: Մյուսներն ասացին, որ դա գալիս է Մուհամեդ մարգարեի կյանքի մասին սուրբ պատվիրանից: «Մուհամեդն արել է իր աղջիկներին, հետևաբար, բոլոր մահմեդականները պետք է անեն»։ Մեծամասնությունը, սակայն, պատրաստվում էր կամ արդեն թլպատել էր դուստրերին, որպեսզի նրանք «ման չգան»:

11_Maga and Patya

Կանանց թլպատելու վերաբերյալ որոշումը մայրերինն է՝ հայրերի պասիվ համաձայնությամբ: Ոմանք պատրաստվում են աղջիկներին թլպատել նույնիսկ եթե ամուսինը համաձայն չէ. «Բարդ ժամանակներ են՝ կանայք շատ են, տղամարդիկ՝ քիչ: Պետք է աղջկան թլպատել, որպեսզի ծայրահեղ դեպքում նա կարողանա միայնակ ապրել»:

Կիդերոյում հյուրընկալվեցինք Պատիի՝ Բիկա անունով բարեկամուհու տանը: Բիկան իր ամուսնու երկրորդ կինն է: Նրա կարգավիակը սովորական է Դաղստանում՝ ամուսինը բնակվում է մեկ այլ գյուղում առաջին կնոջ հետ, իսկ Բիկային այցելում է ժամանակ առ ժամանակ:

Բիկան.

Ամուսնալուծությունից հետո մնացի երկու երեխաներիս հես, սակայն չէի ցանկանում երկրորդ կին դառնալ: Երբ ներկայիս ամուսինս հետաքրքրություն ցուցաբերեց, բարեկամներս նկատեցին, սկսվեցին խոսակցությունները. ուզած-չուզած համաձայնեցի: Հիմա լավ է: Ամուսնալուծվածի կյանքը գյուղում շատ դժվար է. կատարյալ վարքի դեպքում անգամ ասեկոսեներ են պտտվում:

12_in home

«Իսլամի համաձայն՝ երկրորդ  կին առնելը տղամարդու օրինական իրավունքն է»։

Բիկան պատմեց նաև հետևյալ պատմությունը.

Կիդերոյում մի անգամ փոխհրաձգություն եղավ, որի ժամանակ սպանեցին երկու ոստիկանի: Մի անգամ կանայք սկսեցին վիճել երկրորդ կանանց մասին, ու ոստիկանի այրին, լսելով վեճը, ասաց. «Ավելի լավ է՝ ամուսինս 9 անգամ ամուսնանար, բայց՝ ողջ լիներ: Տարին մի անգամ գոնե կկարողանայի տեսնել նրան»: Բոլորն ամոթից լռեցին:

«Երկրորդ կինն օրինականացված սիրուհին է»,- ասում է Պատիմաթը: Նա կարծում է, որ գրեթե ոչ ոք մինչ ծերություն չի ապրում երկրորդ կնոջ հետ: Իսլամի համաձայն, ամուսինը պետք է հավասարապես ապահովի երկու կանանց, սակայն հաճախ երկրորդ կինը լուրջ ֆինանսական աջակցություն չի ստանում:

Մեկ այլ տանը հյուրընկալվելիս

– Ինչո՞ւ են տանը միայն կանայք:

– Նա երկրորդ կին է, ամուսինն այստեղ չի ապրում, հետևաբար չափահաս տղամարդկանցից ներս կարող են մտնել միայն նրա բարեկամները:

13_kitchen

Պատիմաթի կարծիքը 46-ամյա չեչեն Նաժուդ Գուչիգովի ու 17-ամյա Լուիզա Գոյլաբիևայի ամուսնության մասին.

֊ Ես չեմ հասկանում, թե ինչու այդ հարսանիքի շուրջ նման սկանդալ բարձրացրին. լինում են նաև 14-ամյա հարսեր: Հետո՞ ինչ՝ աղջկան ստիպողաբար ամուսնացրին, այստեղ նման դեպքեր ամեն քայլափոխի կհանդիպեք: Հաճախ ծնողների ընտրությունն ավելի հաջող է դուրս գալիս: Իսլամի համաձայն, երկրորդ կին ունենալն օրինական է: Ես չէի ցանկանա՝ իմ կյանքը հրապարակավ քննարկեին: Մտածում էի՝ չեչենները կսպանեին այդ լրագրողին:

Կիդերոյում հանդիպեցի դաղստանցիների՝ Չեչնիա (1944) ու հետ Դաղստան (1956-58) հարկադիր վերաբնակեցման մասին «Մեր կյանքի կտրուկ շրջադարձներին» գրքի հեղինակ Սիրուժադին Աբդուրահմանովի հետ:

Աբդուրահմանովն արտաքսման մասին.

Այն ժամանակ մի քանի շրջան տեղահանեցին, բայց ամբողջությամբ հրդեհեցին միայն մերը՝ Ցունտինսկին: Տներն այրում էին բնակիչների աչքերի առաջ, քանի որ նրանք հրաժարվում էին հեռանալ: Ընտանիքները, Չեչնիայի ճանապարհին ու արդեն Չեչնիայում, կորցրեցին 5-6 մարդ: Շատերը հիվանդանում էին մալարիայով, դաժան կլիմայավարժում էր։ Չեչենները Հիտլերի համար ոսկե թամբով ձի թամբեցին, իսկ արտաքսեցին դրա համար մե՞զ:

Աբդուրախմանովը ծնվել է Չեչնիայում ու դպրոց գնացել այնտեղ մինչև 6-րդ դասարան: Հարցրեցի նրան, թե ինչ է հիշում Չեչնիայից Կիդերո վերադարձի մասին: «Սարեր էինք վերադառնում ԶԻԼ֊երով: Մի տնտեսությանը՝ մի մեքենա. շատ բան չկարողացանք վերցնել: Երբ ավտոճանապարհն ավարտվեց, ուղին շարունակեցինք ոտքով»։

14_departacya

«Ծնողներս եկան՝ տունը չկար։ Իսկ նրանց ասում են՝ նախ վերականգնեք կոլխոզը, հետո զբաղվեք ձեր տնտեսությամբ»։

Աբդուրահմանովի հարևանուհի Խալիմաթը. ծնվել է Չեչնիայում, հիշում է վերադարձը Կիդերո՝ ավերակներ:

15_Halimat

«Ինչու եք Ձեր գրքում գրում արդար ու հոգատար ստալինյան ժամանակների մասին» հարցս վրդովեցրեց հեղինակին: «Իսկ Ստալինը կարո՞ղ էր ստեսնել՝ ինչպես է անցնում վերաբնակեցումը: Կարծում եք՝ պատերազմի ժամանակ նա ինչո՞վ էր զբաղված»:

16_Abdurachmanov

«Ինչո՞ւ ռուսաստանյան դասագրքերում ոչինչ չի ասվում դաղստանցիների տեղահանումների մասին»։

Արդեն մի քանի տարի է՝ իր համախոհների հետ միասին Աբդուրահմանովը փորձում է հասնել նրան, որ դաղտանցիների վերաբնակեցումը ճանաչվի որպես պատմական փաստ, իսկ հրդեհված Ցունտինսկի շրջանի բնակիչներն ստանան դրամական փոխհատուցում: Նա հավատում է, որ ամենակարևորը «հարցով Պուտինին հասնելն է»: Իմանալով, որ Կիդերո է եկել շրջանի պատմությամբ հետաքրքրված մոսկվացի, նա անձրևի տակով գյուղի մի ծայրից մյուսն էր եկել՝ իմ հետ հանդիպման, ու ակնհայտորեն հիասթափված էր, որ աշխատելով Մոսկվայում՝ չեն կարող նախագահի վրա դուրս գալ:

Հարևան Մոքոք գյուղի բնակիչները նույնպես հույս ունեն, որ Մոսկվայից օգնություն կգա: Այնտեղ քարուքանդ վիճակում է դպրոցը. պատերը կարող են յուրաքանչյուր պահի փլվել երեխաների վրա. 20 տարուց ավել է՝ վերանորոգման կարիք ունեն։ Եկել են չինովնիկներ Մախաչկալայից, եղել են հրապարակումներ դաղտանյան ԶԼՄ-ներում, բայց՝ ապարդյուն:

17_school

Տարրական դասարանների ուսուցիչ. «Առաջարկում են մեր դպրոցը փակել ու երեխաներին ավտոբուսով հարևան գյուղի դպրոց տանել: Այստեղի ճանապարհներով դա չափազանց վտանգավոր է»։

18_class

Ֆիզդաստիարակության ուսուցիչ. «Աղջիկները մարզվուն են տանը: Տղաները մարզվում են այստեղ՝ գետնի վրա, քանի որ չունենք գորգեր»։

Ջեռուցում են փայտով: Դասերը հաճախ ստիպված են լինում ընդհատել ծխի պատճառով. «Մեր կիսաքանդ դպրոցն առաջին տեղն է զբաղեցնում շրջանային մրցումներում: Այս նստարանները կային դեռ այն ժամանակ, երբ ես էի աշակերտ: Միայն կոսմետիկ վերանորոգում է արվում»:

Մոքոքում մեզ մի մեծ ընտանիք հյուրընկալեց.

19_parents

«Երբ կինս սպասում էր վերջին երեխային, բժիշկն ասած, որ նա կարող է մահանալ, ու պետք է ընդհատել հղիությունը։ Պատասխանեցի՝ թող մեռնի, ես երեխաներիս չեմ սպանի»։

Այս զույգն ունի 10 մեծահասակ երեխա, 30 թոռ ու թոռնուհի, 2 ծոռնուհի: Բոլոր երեխաները, բացառությամբ կրտսեր որդու, ապրում են իրենց առանձին տներում: Ծնողները հույս ունեն, որ որդին շուտով կամուսնանա, բայց կմնա իրենց հետ, որպեսզի հարսն օգնի տան հարցերում:

20_with tea

«Այստեղ զվարճանքներ չկան։ Երբ արևոտ է, ընկերուհուս հետ գնում էինք դեպի մոտակա լեռը, բայց դա բարկացրեց տղամարդկանց՝ «Ինչո՞ւ եք գնում այնտեղ»»։

Մոքոքում բարվոք ճանապարհներ չկան: Անձրևի, ձյան, սառույցի ժամանակ լեռնային նեղ ճանապարհը վտանգավոր ու անանցանելի է դառնում: Գյուղի բնակիչները, հատկապես կանայք, հազվադեպ են գյուղից ինչ-որ տեղ դուրս գալիս։ Կյանքն այստեղ էլ ավելի մեկուսացված է, քան հարևան գյուղերում: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ ամուսնություններից շատերը կնքվում են մոտ բարեկամների միջև: Իր զարմիկի հետ ամուսնացած մի կին այդ հանգամանքը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Ինչպե՞ս կարելի է ամուսնանալ օտար տղամարդու հետ»:

21_telek

«Եթե Մախաչկալայում  մի սենյականոց բնակարան ունենայի, այստեղ մի օր էլ չէի մնա»։

Գյուղի տղամարդկանց մեծամասնությունն օգտվում է տարբեր սոցցանցերից, բայց արգելում է նույնն անել իրենց կանանց: Ինչպես ամբողջ Դաղստանում, կանայք նախ գտնվում են հայրերի ու եղբայրների վերահսկողության տակ, այնուհետև՝ ամուսինների: Կրտսեր եղբայր. «Աստված չտա՝ քույրս հեռախոսով խոսի ինչ-որ տղամարդու հետ: Դա ինձ համար խայտառակություն կլիներ ամբողջ գյուղի առջև»:

Ուղևորությանս վերջին կետը Բեժտան էր՝ Պատիմաթի հայրենի գյուղը: Հանդիպածս բոլոր բեժտացիները նշում էին, որ իրենց մոտ «աշխարհիկ հասարակություն է»:Կիդերոյի ու Մոքոքի նման գյուղերը, նրանց կարծիքով, չափազանց կրոնական են: Բեժտացիները խորհրդային ժամանակներում հաճախ էին մեկնում Վրաստան, ու մինչ օրս էլ նրանցից շատերին դուր է գալիս վրացական մշակույթը:

Պատիմաթի՝ խորհրդային ժամանակներում գյուղական դպրոցում որպես ուսուցիչ աշխատած պապիկի եղբորը հարցուփորձ արեցի, թե ինչպես էին համատեղվում կոմունիստական գաղափարախոսությունը, իսլամն ու լեռնցիների օրենքները:

22_kommunist

«Ես հիմա էլ կոմունիստ եմ։ Հարգում եմ Ստալինի քաղաքականությունն ու ռեժիմը»։

Նա պատմեց, որ արգելված էր աղոթել բացեիբաց, բայց թույլատրվում էր աղոթել տանը: Ուսուցիչները հետևում էին, որպեսզի երեխաներն աղոթեն դպրոցում: Պիոներուհիները դպրոց էին գալիս թե պիոներական փողկապերով, թե գխաշորերով: Բեժտայի բնակչուհիներից մեկը հիշեցրեց, թե ինչպես էին 80-ականներին մի քանի տարի փորձում պայքարել դրա դեմ՝ աղջիկները դասերին պետք է նստեին չծածկված գլխով:

Ուսուցիչն իր ապագա կնոջը տեսել էր դպրոցում ու ծնողներից խնդրել նրա ձեռքը:

23_babuska

«Ես նրան չէի ճանաչում։ Ամուսնացա, հետո ավարտեցի դպրոցը»։

Մինչամուսնական շփումը խայտառակություն էր համարվում: Երիտասարդները կարողացան ինքնուրույն ծանոթանալ ու շփվել մինչ ամուսնությունը միայն 60-80-ական թվականներին (տարբեր տարիներ են նշվում):

«Հիմա բարքերն ավելի ճիշտ են»,- ասում են Պատիմաթի հորաքույրները:

– Եթե տղամարդկանց ու կանանց միջև հարաբերությունները լիովին կարգավորվում էին լեռնցիների օրենքներով, ինչո՞ւմ էր կայանում սեռերի հավասարության վերաբերյալ խորհրդային գաղափարախոսությունը:

– Նրանում, որ տղաներն ու աղջիկները դպրոցներում միևնույն նստարանի շուրջ էին նստում:

24_seti

Նման տեսք ունեն երեկոյան հավաքները Բեժտայում. բոլոր տներում կա Wi-Fi, մեծամասնությունն ակտիվորեն օգտվում է սոցցանցերից: Երեխաները հեռուստացույց են դիտում ու միմյանց հետ խոսում ռուսերենով: Ավագ սերունդը ռուսերեն սովորում էր դպրոցում, իսկ առօրյայում կիրառում միայն բեժտաերենը:

Կանայք՝ գլխաշոր կրելու մասին.

Կիդերոյում – Եթե սկսեմ գլխաշոր չկրել, բարեկամներս կմորթեն ինձ:

Մոքոքում – Աղջիկներին գլխաշոր են հագցնում 3-5 տարեկանում: Մարդիկ արդեն իսկ դժգոհ են, որ դուստրս առանց գլխաշորի է, իսկ ես կհագցնեի 10 տարեկանում:

Բեժտայում – Այստեղ կարող ես կրել ինչ ուզում ես, թեկուզ՝ կիմոնո:

Չնայած գյուղի ողջ «աշխարհիկությանը», այստեղ չկա ու երբեք չի եղել դիսկոակումբ. տեղացիները համոզված են, որ դա «թեթևաբարո աղջիկների» վայրն է: Ծանոթանում են հիմնականում հարսանիքների ժամանակ: Մինչ օրս կարևոր է պահպանել կուսությունը: «Եթե լինի սեքս մինչև հարսանիքը, ապա տղան հետո չի ամուսնանա»:

Բեժտուհիները զարմանում են, երբ ասում են՝ Ռուսաստանում նախ կենակցում են, հետո՝ ամուսնանում:

25_mikrobus

Բեժտայից Մախաչկալա վերադարձանք երթուղայինով. շուրջ 7 ժամ պահանջվեց: Մինչ մենք տարուբերվում էինք կտրուկ շրջադարձերի վրա, ուղեկիցներից մեկը պատմում էր՝ ինչպես էին քաղաք գնում խորհրդային ժամանակներում. «Նույնսիկ ձմռանը բեռնատարի բաց թափքի մեջ՝ ծածկոցներով փաթաթված: Հիմա հարմարավետ է»: Բեժտայից Մախաչկալա երթուղայինը շարժվում է ամեն առավոտյան, Կիդերոյից՝ շաբաթը մեկ անգամ, իսկ Մոքոքից կարելի է դուրս գալ միայն սեփական ավտոմեքենայով կամ անհատական ուազ֊տաքսիներով:

Հեղինակ՝ արվեստագետ Վիկտորիա Լոմասկո

Ավելի վաղ հեղինակը Epress.am-ին էր տրամադրել Ուղևորություն Երևան տեքստը` իր նկարներով: