2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերված «հանցավոր խմբին» զենք վաճառելու մեղադրանքով դեկտեմբերի 6-ին կալանավորված ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը արդեն 32 օր է, ինչ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել իրեն: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ Սարիբեկյանը հացադուլը սկսել է դեկտեմբերի 11-ին և գտնվում է հացադուլավորների համար նախատեսված հատուկ խցում: Ըստ Քրեակատարողական վարչության, նրա վիճակը գնահատվում է բավարար և աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:
Թերթի հետ զրույցում ազատամարտիկի կինը՝ Ռուզան Հովհաննիսյանը ասել է, որ իր ամուսինը ոչ միայն հացադուլ, այլ նաև ջրադուլ է հայտարարել։ Կինը պնդում է, որ ամուսինը ոչ մի կապ չունի հանցավոր խմբի հետ:
Հովհաննիսյանը նշել է, որ ամուսնու առողջական վիճակը մինչ ձերբակալությունն էլ լավ չէր․ սիրտը զոնդավորված էր և մեկ ամիս հետո պետք է վիրահատեին:
Կինը ներկայացրել է ամուսնուն ձերբակալելու հանգամանքերը․ «Գնացել էր մեր գյուղապետարան (Արևշատ), դուրս էր եկել, ու դիմակավորված անձինք ձերբակալել են իրեն: Նույն օրը ԱԱԾ աշխատակիցները եկել էին մեր տուն և մի քանի ժամ խուզարկություն իրականացրել: Ամբողջ տունը, տանիքը, այգիները խուզարկելուց հետո ոչ մի բան չեն հայատնաբերել»:
Հովհաննիսյանի խոսքով՝ ամուսինն իրեն ասել է, որ չի ճանաչում ձերբակալված խմբի անդամներին:
«Թե ինչի են պահում, բան չեմ հասկանում, ես էլ չգիտեմ՝ ում դիմեմ, ում բողոքեմ», -հավելել է Սարիբեկյանի կինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում