«Նոր Հայաստան» շարժման և «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդներից մեկը՝ Ժիրայր Սեֆիլյանը, երեկ Քննչական կոմիտեում հարցաքննության է կանչվել, որտեղ նրան սպառնացել են կալանքով: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը թերթի հետ զրույցում հաղորդել է, որ քննիչ Ամրամ Մակինյանը սպառնացել է Սեֆիլյանին՝ ասելով. «Դադարացրեք ձեր գործունեությունը, հակառակ պարագայում՝ կկալանավորենք»:
Ավետիսյանի խոսքով՝ Սեֆիլյանին կալանավորելու հիմքեր չեն ներկայացրել, պարզապես որպես հիմնավորում բերվել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում քաղաքից բացակայելը, ինչպես նաև «Նոր Հայաստան»-ի վերջին հայտարարությունը, թե քաղաքացիներն ինքնապաշտպանության իրավունք ունեն:
«Էնքան անգրագետ են, որ էդ հայտարարությունը չեն էլ հասկացել: Բացի այդ, տեղյակ չեն, որ օրենքը նման պահանջներ չի դնում, որ բնակավայրից բացակայելու ստորագրությունը պետք է խոչընդոտի քաղաքական իրավունքների իրացմանը», -թերթի հետ զրույցում նկատել է Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Սեֆիլյանը և նրա գլխավորած «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի քանի անդամներ բերման էին ենթարկվել ապրիլի 7-ին՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով: 100-ամյակի պաշտոնական միջոցառումների ավարտից հետո նրանց ազատ էին արձակել բնակավայրից չբացակայելու ստորագրության դիմաց: