2015 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը թույլատրել էր ապամոտաժել «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի օղակաձև, վթարային էստակադան:
Քաղաքապետարանի կողմից քանդման թույտվությունը, սակայն, տրվել է առանց որևէ փաստաթղթի, իսկ քանդման աշխատանքները, առանց համապատասխան փաստաթղթի, ՀՀ օրենքով արգելվում են, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
Բանախոսը նշել է նաև, որ համաձայն այն պայմանագրի, որը կնքվել է Հայաստանի կառավարության և օդանավակայանը գործարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի սեփականատեր «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև՝ հին օդանավակայանը առանց վարձավճարի հանձնվել է սեփականատիրոջը՝ միայն ժամանակավոր կառավարման համար:
«Ըստ պայմանագրի՝ գումարները, որոնք գոյանում են օդանավակայանից, պետք է ուղղվեն հին շենքի վերականգնմանը: Բոլոր այն շենքերը, որոնք այդ սեփականատերը կառուցում է ՀՀ տարածքում, դառնում են իր սեփականությունը՝ բացի «Զվարթնոց»-ի էստակադայից», – ասել է Թարխանյանը:
Թարխանյանի խոսքով՝ խախտվել է պայմանագրի նախապայմանը, քանի որ այն ժամանակ, երբ դեռ գործում էր օդանավակայանի հին շենքը, ստացված գումարները փոխանակ այդ շենքի վերակառուցմանը ուղղվեին, նոր օդանավակայանի կառուցաման համար էին օգտագործում: Ճարտարապետի խոսքով՝ այժմ գոյություն ունեցող օդանավակայանը՝ ընդամենը մասնավոր բիզնես է:
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինությունը և Երևանի քաղաքապետարանը հին շենքի էստակադայի ապամոնտաժման հարցը կապում են սեյսմիկ անվատանգության հետ:
Սակայն հանդիպման մեկ այլ մասնակից, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանի խոսքով՝ սեյսմիկ վտանգը կարելի է չնչին գումարներով վերացնել:
Ազիզյանն ասել է, որ մոտ մեկ տարի առաջ նույն սեփականատիրոջ կողմից հարց էր բարձրացվել քանդել էստակադան: Քաղաքապետարանի ստեղծած մասնագիտական խումբը տեղում կատարել էր ուսումնասիրություններ և եզրակացրել, որ շենքը մոտավորապես ութսուն տոկոսով նորմալ վիճակում է, իսկ վնասված քսան տոկոսը կարելի է վերանորոգել:
Սակայն մեկ տարի անց կառավարությունը փոխել է իր որոշումը: «Թե ինչ պատահեց այս ժամանակահատվածում, որ որոշեցին քանդել, պարզ չէ», -ասել է Ազիզյանը:
Նա հավելել է նաև, որ սեփականատիրոջ նոր նախագծով նախատեսվում է պահպանել շենքի կենտրոնական մասը՝ աշտարակը և ներքին օղակը, իսկ արտաքին օղակը՝ էստակադան, ըստ նրանց, չի համապատասխանում նոր նախագծին:
Еpress.am-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասել է, որ այսօրվա դրությամբ կա ապամոնտաժելու թույլտվություն, և իրենք կառավարությանը ներկայացրել են համապատասպան նախագիծ։
«Կառավարությունը կհաստատի՝ նախագիծը կիրականացվի, նախագիծը չի հաստատվի՝ չի իրականացվի։ Էն ինչ որ կառուցվել է և կառուցվելու է, Հայաստանի Հանարապետության սեփականությունն է», -ասել է Աբրահամյանը: