Կենցաղային ապրանքներ և սննդամթերք արտադրող մի շարք տնտեսվարողներ դիմել են վարչապետին՝ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող գազի սակագնի նվազեցման խնդրանքով: Վերջինս պատասխանել է, որ ՀՀ իշխանությունները այդ հարցով արդեն դիմել են Ռուսաստանի իշխանություններին և սպասում են դրական պատասխանի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մուտք գործող գազի գնի հետ կապված գրել է, որ մինչև անցած տարի ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը Հայաստանին գազ էր տրամադրում 1000 խմ-ն՝ 189 դոլարով: Անցած տարի գինը նվազել է և հիմա Հայաստանին մատակարարվող ռուսական գազի յուրաքանչույր հազար խորանարդ մետրի գինը 165 դոլար է: Այսինքն, գազի գինը նվազել է 24 դոլարով կամ 12.6 տոկոսով:
Ըստ լրագրողի՝ սակայն, պատկերը իրականում այլ է․ էժանացել է ոչ թե Հայաստանին մատակարարվող գազի գինը, այլ նույն «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ-Արմենիային» մատակարարվող գազի գինը:
Իսկ հայաստանյան սպառողները գազը գնում են ոչ թե «Գազպրոմից», այլ «Գազպրոմ-Արմենիայից»՝ և ոչ թե 165 դոլարով, այլ 270-ից մինչև 320 դոլարով:
Իսկ սա նշանակում է, որ բնակիչները յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց «Գազպրոմ Արմենիային» վճարում են 156 հազար դրամ (ավելի քան 320 դոլար), իսկ խոշոր սպառողները վճարում են 270 դոլար՝ ընդ որում դոլարով:
Սպառողներին վաճառվող գազի սակագները չեն փոխվել, երբ Հայաստանին մատակարարվող գազի գինը վերանայվել է:
«Այսինքն, երբ գազը գալիս էր Հայաստան 189 դոլարով, մենք էլի վճարում էինք 156 հազար դրամ և 270 դոլար, հիմա էլ, երբ 165 դոլար է, վճարում ենք նույնքան»,- գրել է Գևորգյանը:
Հայկ Գևորգյանը գրել է, որ գազի գնի հետ կապված ինչ-որ չափով դեր ունի դրամի արժեզրկումը, սակայն խոշոր սպառողների համար սա չպետք է խնդիր լիներ, քանի որ նրանք վճարում են դոլարով: Փաստորեն, գազի գնի նվազումից շահել է միայն «Գազպրոմ-Արմենիան»: Վերջինս յուրաքանչուր 1000 խմ գազը ստանում էր 189 դոլարով և վաճառում 270 դոլարով, հիմա ստանում է 165 դոլարով և վաճառում կրկին 270 դոլարով: Այսինքն, ամեն 1000 խմ-ի մեջ ստանում է լրացուցիչ 24 դոլար: