Հունվարի 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած 26-ամյա Արաքսյա Դանիելյանի հարազատները նրա մահվան մեջ բժիշկներին են մեղադրում, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
Դանիելյանի ամուսինը՝ Արցախ Քոչարյանը, հունվարի 17-ին դիմել է Ոստիկանություն՝ իր կնոջ մահվան մեջ կասկածվող բժիշկներին պատասխանատվության ենթարկելու համար: Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը»։
Azatutyun.am֊ի փոխանցմամբ՝ բժշկական փաստաթղթերում որպես մահվան պատճառ նշվել է երկկողմանի սուր թոքաբորբը։ Արաքսյայի ընտանիքի պնդմամբ՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի թերապևտ Անդրանիկ Պապոյանը սկզբում ասել է, որ հիվանդի թոքերի հետ կապված որևէ խնդիր չկա: Այսինքն, ըստ հարազատների, եթե բժիշկները ժամանակին ախտորոշեին թոքաբորբը, հնարավոր կլիներ փրկել կնոջ կյանքը:
Դանիելյանի ամուսինը պատմել է, որ հղիության ընթացքում կինը որևէ բողոք չի ունեցել, մահվանից օրեր առաջ է միայն սկսել գանգատվել թոքերի շրջանում ցավից ու բարձր ջերմությունից։ Հիվանդանոցում՝ ծննդաբերական բաժանմունքում, մերժել են կնոջը ռենտգեն անելու պահանջը՝ պնդելով, թե նոր սկսվող գրիպ է ու դրա կարիքը չկա։
Միայն ավելի ուշ հիվանդի խնդրանքով ռենտգեն են արել՝ ախտորոշելով երկկողմանի սուր թոքաբորբ, որից հետո կինը «Արմավիր»-ից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», որտեղ և մահացել է:
«Արմավիր»-ի թերապևտ Անդրանիկ Պապոյանը «Ազատության» հետ զրույցում պնդել է, որ ինքը երկու անգամ ցուցում է տվել ռենտգեն հետազոտություն կատարել և, նրա խոսքով, ծննդատան բժիշկներն են անտեսել ռենտգեն հետազոտություն անցկացնելու իր ցուցումները։
Ծննդատան բժիշկ Բելլա Կարապետյանը, իր հերթին, պնդել է, որ գրիպի դեմ է բուժել, քանի որ շնչառական խնդիր թերապևտը չի հայտնաբերել։
Լուսանկարը՝ azatutyun.am