Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր կայացած դատական նիստին ընդունել է իրեն առաջադրած մեղադրանքը։
Մեղադրող դատախազն ընթերցել է Պերմյակովին մեղսագրվող արարքները՝ 2015-ին թվականի հունվարի 12-ին նա լքել է զորամասը, մտել է Ավետիսյանների տուն, ինքնաձիգի գործադրմամբ սպանել է ընտանիքի 6 անդամներին և սվին դանակով հարվածներ է հասցրել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին։ Մանկահասակ երեխան մահացել է հիվանդանոցում 7 օր անց։ Պերմյակովն ասել է, որ իրեն մեղավոր է ճանաչում. դատավոր Հարություն Մովսեսյանի ճշտող հարցին, թե ինչո՞ւմ է մեղավոր ճանաչում, Պերմյակովը պատասխանել է․ «Ամեն ինչում» (Во всем):
Նիստի ընթացքում Ավետիսյանների իրավահաջորդներից մեկը՝ փաստաբան Միհրան Պողոսյանը, դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով իրենց տրամադրել տվյալ գործով ռուսական կողմի իրականացրած դատաքննության փաստաթղթերը։ Ռուսական կողմը, մասնավորապես, քննել է, թե ինչպես է Պերմյակովն ապօրինաբար լքել զորամասը և նրան 10 տարվա ազատազրկման դատապարտել։
Փաստաբան Լուսինե Սահակյանը, իր հերթին, պահանջել է նաև տրամադրել տեղեկություն այն մասին, թե արդյոք, Պերմյակովից բացի, այդ գործի շրջանակներում այլ անձանց նկատմամբ էլ է հարուցվել քրեական գործ։
Դատավորն այս միջնորդության քննությունը հետաձգել է՝ պատճառաբանելով, թե «կան էական հանգամանքեր»։ Նրա պատասխանը վրդովվեցրել է ինչպես Ավետիսյանների իրավահաջորդներին, այնպես էլ նրանց փաստաբաններին, սակայն դատավորն այլևս այդ հարցին չի անդրադարձել։
Վկաների հարցաքննության ժամանակ Լուսինե Սահակյանը խնդրել է, որպեսզի վկաների և ամբաստանյալի հարցաքննության ընթացքում ուղիղ եթերի ձայնի հեռարձակումը դադարեցվի, որպեսզի գործով ներգրավված մյուս վկաները չկարողանան լսել դատարանում հնչող վկայությունները։ Դատավորը միջնորդությունն անմիջապես բավարարել է, սակայն առաջին վկայի՝ սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ՝ Ռիմա Պետրոսյանի հարցաքննությունն ընդհատվել է, քանի որ վատացել է վերջինիս ինքնազգացողությունը։
Դատավորը նախ ընդմիջում է հայտարարել, իսկ ավելի ուշ հետաձգել նիստը մինչև հունվարի 29֊ը։