Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Արայիկ Սարդարյանը հավաստիացնում է, որ չի հեռանա Արագածոտնի մարզպետարանից մինչև իրեն բնակվելու համար կացարան չտան։ Epress.am֊ի հետ զրույցում նա պատմել է, որ իր երկու երեխաների և կնոջ հետ ապրելու տեղ չունի, բարեկամների տանն է ապրում։ Իրեն տուն տրամադրելու պահանջով նա այսօր գնացել է մարզպետարան, որտեղ էլ սկսել է իր բողոքի ակցիան։
«Երեխաներիցս մեկը բնածին ուղեղային խնդիրներ ունի, ու մենք գալիս ենք Երևան երեխայի բուժման համար։ Ծաղկահովիտում էլ բարեկամների տանն ենք մնում, բայց ինչքան կարող ենք հիվանդ երեխայի հետ ուրիշների տանը մնալ», – ասել է Արայիկ Սարդարյանը։
Նա նշել է, որ Արագածոտնի մարզպետարանը, Ծաղկահովիտ գյուղի գյուղապետն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31–ին բնակարաններ են հատկացրել 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին, ովքեր տնակներում են ապրում, սակայն տնակներում ապրողների թիվը քիչ է եղել՝ մոտ 10 ընտանիք, դրա համար էլ մնացած բնակարանները հատկացրել են մանկատան երեխաներին և սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին․ «Ցուցակներով տեսա, որ բնակարանները հատկացրել են այնպիսի մարդկանց, ովքեր դրա կարիքը չեն ունեցել ու անգամ եղել են մարդիկ, ովքեր Ծաղկահովիտ գյուղից չեն եղել, ու ստանալուց հետո հայտարարություն են տարածել, որ տուն են վաճառում»։
Սարդարյանը, իմանալով բաժանված տների մասին, գնացել է մարզպետարան, որպեսզի հասկանա, թե ինչո՞ւ իրեն բնակարան չեն հատկացրել, այն դեպքում, երբ իրենք գտնվում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում․ «Մարզպետը (Սարգիս Սահակյան֊խմբ․) ասում ա՝ գնա դատախազություն, դիմում գրի ու գնում ա՝ առանց իմ հարցերին պատասխանը տալու։ Ես էլ որոշել եմ մնալ մարզպետի ընդունարանում, ապրել էնքան ժամանակ, մինչև ինձ տուն տան»։
Արագածոտնի մարզպետարանի մամուլի բաժնից Epress.am֊ին պատասխանել են, որ կոնկրետ Արա Սարդարյանի խնդրին ծանոթ չեն, սակայն բնակարանների բաժանման հետ կապված հավաստիացրել են, որ այն բաժանվել է նախ երկրաշարժից տուժածների ընտանիքներին, իսկ հետո նաև կարիքավոր ընտանիքներին․ «Հատուկ ուսումնասիրություն է արվում, թե ում պետք է հատկացվեն այդ բնակարանները։ Կառավարության որոշում գոյություն ունի, եթե իրեն չեն տվել, ուրեմն ինչ – որ կետով չի համապատասխանել»։
Լուսանկարը՝ aravot.am