Սուր շնչառական հիվանդությունների բուժումը Հայաստանում կրկին վճարովի է․ գրիպի ու սուր շնչառական վարակների դեպքում անվճար բուժօգնություն այսուհետ կստանան միայն բնակչության 14 արտոնյալ սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիները։ Այս մասին, հղում կատարելով ՀՀ առողջապահության նախարարությանը, հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվական կայքը։
Անհրաժեշտության դեպքում ու ելնելով հիվանդի սոցիալական կարգավիճակից՝ բժշկական հաստատությունները կարող են բուժօգնություն տրամադրել 5% զեղչով՝ պետական պատվերի շրջանակներում, կայքի թղթակցին ասել է նախարարի օգնական Տաթևիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով, նախարարի հրամանի համաձայն, քաղաքացիներին անվճար բուժօգնություն տրամադրվել է հունվարի 1֊ից 20֊ը, որպեսզի H1N1 վարակի առաջին իսկ նշանների դեպքում քաղաքացիներն ի վիճակի լինեին դիմել բժիշկներին։
Առողջապահության նախարարության տվյալներով, մինչ օրս Հայաստանի հիվանդանոցներ ստացիոնար բուժման համար դիմել է շուրջ 2500 քաղաքացի ու ստացել անվճար օգնություն պետպատվերի շրջանակներում։