Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր՝ հունվարի 27֊ին, հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2016» ամենամյա զեկույցը, որը գնահատում է մարդու իրավունքների ու ազատությունների մակարդակն աշխարհի 195 պետություններում ու 14 տարածքներում՝ դրանք դասակարգելով որպես «ազատ», «մասնակի ազատ» և «ոչ ազատ»։
Հայաստանն այս տարվա աղյուսակում, ինչպես և նախորդ տարի, տեղ է զբաղեցրել «մասնակի ազատ» երկրների շարքում՝ «քաղաքական իրավունքներ» ցուցիչով ստանալով 5, իսկ «քաղաքացիական ազատություններ» ցուցիչով՝ 4 միավոր։ Միավորների սանդղակը 1֊ից 7 է, որտեղ 1֊ը ազատության առավելագույն մակարդակն է, 7֊ը՝ նվազագույնը։
«Մասնակի ազատ» է նաև որակվել զեկույցում որպես «վիճելի տարածք» ներկայացված Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև՝ Հայաստանի հարևաններ Թուրքիան ու Վրաստանը, իսկ Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանն այս տարի ևս ընդգրկվել են «անազատ» երկրների ցանկում։
Epress.am Լուրեր Հայաստանից