հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում՝ լուրջ մտահոգությունների առիթ․ HRW

Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում՝ լուրջ մտահոգությունների առիթ․ HRW

Հայաստանում իրավունքների վիճակը 2015 թվականի ընթացքում մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունն ընդդեմ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց: Այս մասին ասված է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում։

Իրավապաշտպանները նշում են, որ 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո որոշ տեղական դիտորդներ մեղադրանքներ են հնչեցրել լայնածավալ ընտրակաշառքների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների նկատմամբ սպառնալիքների և բռնությունների դեպքերի վերաբերյալ:

Հավաքների ազատություն և քաղաքական այլախոհություն

Համաձայն զեկույցի, 2015֊ի ընթացքում իշխանությունները մի քանի անգամ միջամտել են հավաքների ազատությանը, այդ թվում` ուժի գործադրմամբ: Որոշ ցուցարարների նկատմամբ կիրառվել է բռնություն: Մասնավորապես, սեպտեմբերին բողոքի երթից հետո անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել կառավարությանը քննադատող, «Ազատամարտիկների դաշինք», անկախ խմբի անդամ Սմբատ Հակոբյանը: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեք կասկածյալների նկատմամբ, հետաքննությունն ընթացքի մեջ է:

«Հունիսի 19-ին, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Երևանի կենտրոնում՝ բողոքելու էլեկտրաէներգիայի սակագինը 17 տոկոսով թանկացնելու առաջարկի դեմ` «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած շուրջօրյա ցույցերի միջոցով: Հունիսի 22-ին, ցուցարարները երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր, և այն բանից հետո, երբ ոստիկանությունը արգելափակեց նրանց շարժը, վերջիններս զբաղեցրեցին կենտրոնական պողոտան` մնալով այնտեղ մինչև հունիսի 23-ի օրվա սկիզբը, երբ ոստիկանությունը նախազգուշացնող հայտարարություն տարածեց, այնուհետև ջրցան մեքենաների օգտագործմամբ ցրեց բողոքի ակցիան: Ոստիկանության պաշտոնյաները լրատվամիջոցներին հայտնել են, որ առնվազն 25 մարդ, այդ թվում 11 ոստիկան, ստացել են մարմնական վնասվածքներ, մի շարք ցուցարարներ դիմել են բժշկական օգնության: Ակտիվիստները և լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են բազմաթիվ լրագրողների, որոշ դեպքերում, կոտրելով կամ բռնագրավելով տեսախցիկներ` վերացնելով իրադարձությունների լուսանկարներն ու տեսանյութերը:

Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 ցուցարարների և պահել նրանց օրվա մեծ մասը` ազատելով առանց մեղադրանք առաջադրելու», ֊ նշում են իրավապաշտպանները՝ ընդգծելով, որ ոստիկանությունը բռնի ուժով ցրել է հերթական խաղաղ բողոքի ակցիան ընդդեմ սակագնի բարձրացման նաև սեպտեմբերի 11-ին` ժամանակավորապես ձերբակալելով մոտ 50 ցուցարարների»:

Զեկույցի հեղինակներն անդրադառնում են նաև ապրիլի 7-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման հինգ անդամներին՝ Գարեգին Չուքասզյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին․

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ, խումբը ապրիլի 24-ին Երևանում հանրահավաք անցկացնելու թույլտվություն էր ստացել: Իշխանությունները նշված անձանց տների ու գրասենյակի խուզարկության արդյունքում հայտնաբերելով և առգրավելով փայտե ձողեր, խոհանոցային դանակներ, էլեկտրաշոկ և հանրությանը հասանելի բրոշյուրներ, ինչպես նաև նրանց նոթբուքերը և դրոշներ` վերջիններիս նկատմամբ մեղադրանք առաջադրեցին զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ: Ապրիլի 10-ին դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք սահմանեց նշված հինգ անձանց նկատմամբ, սակայն մայիսի 4-ին, գլխավոր դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ և նրանք ազատ են արձակվել. քննությունը դեռևս ընթացքի մեջ է»:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև 9 տարվա ազատազրկման դատապարտված ծրագրավորող Հայկ Կյուրեղյանին։ Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ տեղական ակտիվիստներից շատերը պատիժը համարում են անհամաչափ և պայմանավորում են այն Կյուրեղյանի քաղաքական հայացքներով, ով սատարել էր Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին:

Խոսքի ազատություն

Human Rights Watch-ն ընդգծում է, որ իշխանությունները շարունակում են լրատվամիջոցների բազմակարծության սահմանափակումները և լրագրողների վրա հարձակումների անպատժելիության քաղաքականությունը, ինչը օրինաչափություն է:

Կոմիտեն 2015 թվականին արձանագրել է լրագրողների նկատմամբ բռնությունների 19 դեպք, որոնցից 13-ը հունիսին անցկացված «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ընթացքում, և բացի վերը հիշատակված նկատողություններից, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել հարձակումներից որևէ մեկի համար», ֊ մասնավորապես, ասված է զեկույցում:

Խոշտանգումներ և վատ վերաբերմունք կալանավայրերում

Չնայած նոր ուղեցույցների տրամադրմանն իրավապահ մարմինների աշխատակիցներին, իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են, որ խոշտանգումները և վատ վերաբերմունքը շարունակում է մնալ լուրջ խնդիր նախնական կալանքի և ազատազրկման վայրերում` հատկապես խոստովանություններ կորզելու նպատակով: Նշված հանգամանքների որոշ զոհեր չեն բողոքարկում` վախենալով, որ հետաքննությունն արդյունավետ չի լինի: Հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ խոշտանգումների անպատժելիությունը:

Զինվորական ծառայություն

Չնայած նրան, որ Հայաստանը զգալի քայլեր էր ձեռնարկել շտկելու զինվորական ծառայության հետ կապված վաղեմի խնդիրները, այդ թվում, ապահովելով խղճի ազատության նկատառումներով պայմանավորված այլընտրանքային ծառայություն, հայկական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ զինծառայողների շրջանում բռնության և ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի բարձր թիվը դեռևս մտահոգիչ են:

Պալիատիվ խնամք

Հայաստանը շարունակում է քննարկել օփիոիդային դեղորայքի դեղատոմսերի դուրս գրման և գնումների իր բարդ ու ժամանակատար ընթացակարգերի բարեփոխման հարցը: Պալիատիվ խնամքի Ազգային գործողությունների պլանը դեռևս մշակման փուլում է: Գործող կարգավորումները խոչընդոտում են պալիատիվ խնամքի պատշաճ ապահովում՝ դատապարտելով ամենաանբուժելի հիվանդներին ավելորդ տառապանքների:

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

Ակտիվիստները հաղորդում են, որ ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության: Կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ԼԳԲՏ անձանց դեմ ատելության քարոզի կամ խտրականությանը վերաբերող հարցերին: Գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը ներառված չեն հակախտրականությունը կամ ատելության քարոզը կարգավորող օրենքների մեջ` ԼԳԲՏ անձանց դեմ բազմաթիվ հանցագործությունների համար սահմանափակելով իրավական ճանապարհը:

Հոկտեմբերի 17-ից 18-ը, ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությունով զբաղվող PINK Armenia կազմակերպությունն անցկացրել է առաջին հայկական ֆորումը` ԼԳԲՏ անձանց խնդիրները քննարկելու նպատակով: Միջոցառման մասին պատմող հոդվածը և մասնակիցների մի լուսանկար որը տեղադրվել էր PINK Armenia-ի կայքում և վերահրապարակվել տարբեր լրատվամիջոցների կողմից, արժանացել է բազում հոմոֆոբ մեկնաբանությունների և սպառնալիքների սոցիալական ցանցերում, այդ թվում, ֆորումի մասնակիցներին այրելու և սպանելու կոչեր: PINK Armenia-ն բողոք է ներկայացրել դատախազություն` պահանջելով ուսումնասիրել սպառնալիքները, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել:

Ապրիլին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց մերժել 16 հայցվորների վերաքննիչ բողոքը, ում դատական հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի դատարանը մերժել էր 2014 թվականի հոկտեմբերին: Իրավունքը հրապարակել էր մի քանի օնլայն հոդվածներ՝ կոչ անելով հասարակական կյանքից դուրս թողնել ԼԳԲՏ մարդկանց և նրանց պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին, իսկ վերջիններիս ընտանիքներին՝ զգուշանալ նրանցից: Հոդվածներից մեկը ներառում էր նմանատիպ 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` նրանց սոցիալական էջերի հղումներով: Թերթը հրաժարվել էր հերքում տպագրել:

Կանանց իրավունքներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը ապրիլին Հայաստան կատարած իր այցից անմիջապես հետո կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ուղղությամբ` հղում կատարելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի մարտի զեկույցը: Չնայած այն վկայություններին, որ կանանց դեմ բռնությունը շարունակում է մնալ սովորական երևույթ, Հայաստանը չունի ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենք և չի միացել Եվրոպայի Խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային: