Աշխարհում փետրվարի 4-ը նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Տարեց տարի քաղցկեղից մահացող մարդկանց թիվն աշխարհում, ինչպես նաև Հայաստանում աճում է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 22 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:
Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների, Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության թիվը կազմում է ընդհանուր մահացության 80%-ը, ընդ որում՝ մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում` կազմելով 20.6%: Նախարարությունը փաստում է նաև, որ վերջին տասը տարիներին չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով/1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով /1.9 անգամ (2105 դեպքով): Հայաստանում 2015 թվականին կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն հաստատված ախտորոշումով հիվանդների թիվը կազմել է 8365, իսկ ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը` 38918:
«Բոլոր տիպի քաղցկեղների հայտնաբերման ցուցանիշների դիտարկումն, ըստ փուլերի, ակնհայտորեն մատնանշում է, որ Հայաստանում քաղցկեղների վաղ հայտնաբերումը, այսինքն` հիվանդության I-II փուլերում, կազմում է 43%, իսկ դեպքերի 57%-ը հայտնաբերվում են III (19%) և IV փուլերում (38%): Ավելին, վերջին տարիներին բոլոր տեսակի քաղցկեղների վաղ հայտնաբերման ցուցանիշը չի բարելավվում և համակարգային խնդիր է», ֊ ասված է Նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Պետական մարմինը նշում է, որ 2015 թվականից մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինինգային ծրագիրը, սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունների ծրագիրը` նպատակ ունենալով հնարավորինս վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդությունները, այդ թվում` արգանդի պարանոցի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի, շականակագեղձի քաղցկեղը: