Home / Հայաստան / Զինծառայողին զինված ուժերից ազատել են քաղաքական դիրքորոշման համար

Զինծառայողին զինված ուժերից ազատել են քաղաքական դիրքորոշման համար

ՀՀ Պաշտպանության նախարարությունը ստիպել է պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանին ազատվել աշխատանքից իր քաղաքական դիրքորոշման համար: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Մազմանյանը։ Ինչպես նշում է Forrights.am կայքը, Մազմանյանը մտահոգություն է հայտնում, որ իր քաղաքական հայացքների համար զորամասից ազատվելուց բացի, իր վրա կարող են ճնշումներ գործադրվել։

Նախկին զինծառայողը աշխատանքից ազատվելուց հետո հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Ես աշխատում էի ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և միաժամանակ շարունակում էի պայքարել անարդարության դեմ:

Ամեն ինչ սկսվեց, երբ պետք է 2015թ.-ի նոյեմբերի 5-ին տեղի ունենար խաղաղ հավաք և երթ (ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և ընկերների֊ խմբ․), իսկ երթի իրազեկումը ներկայացրել էի ես, քանի որ ընկերս՝ Շահեն Հարությունյանը, անչափահաս է:

Նոյեմբերի 5-ին երթը նախատեսված էր ժամը 18:00-ին. այսինքն՝ երթին կարող էի ներկա գտնվել աշխատանքից հետո: Երթի օրը՝ մոտավորապես 13:00-ի սահմաններում, ինձ իր մոտ է կանչում վերադաս հրամանատարը: Ներկայանում եմ, ինչպես կարգն է, և նստում:

Ինձ ծանոթացնում են իրավիճակին, զգուշացնում, որ ինձնով հետաքրքրված են բարձրաստիճան անձինք և առաջարկում երկու տարբերակ. կամ մնալ և շարունակել ծառայությունը կամ հեռացվել աշխատանքից և զբաղվել իմ ընտրած պայքարով:

Որոշելու համար ունենալով 10 րոպե ժամանակ և հաշվի առնելով ներկայիս քաղաքական վիճակը՝ մտածեցի, որ ես իմ պետությանն ավելի օգտակար կլինեմ իմ ծառայությամբ:

Ինձ նաև զգուշացրին, որ եթե այդ օրը ներկա գտնվեմ հավաքին, ապա կարող եմ նաև ձերբակալվել: Այդ իսկ պատճառով ինձ «տարան» քաղաքից դուրս, որը բնականաբար իմ կամքին հակառակ էր:

Դեպքից անցնում է մոտ 2 ամիս․ վերադառնալով մարտական հերթապահությունից և արձակուրդում գտնվելու ժամանակ զանգահարում են և կանչում զորամաս, որտեղ էլ ինձ են ներկայացնում իմ ֆեյսբուքյան էջի գրառումներն ու լուսանկարները: Ինձ ասում են, որ ես հեղափոխության և հակապետական կոչեր եմ անում համացանցում:

Իմ կարծիքով՝ չի կարելի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հասցեին ուղղված խոսքերը որակել որպես հակապետական:

Անդրադառնում են ընկերներիս հետ ունեցած լուսանկարներին, մասնավորապես՝ Շահեն Հարությունյանի հետ ունեցած լուսանկարին, և ասում են, մեջբերում եմ. «Շանթի տղենա, հետը մոտիկ ես, խի՞ ես դնում էս նկարը, ընչի ՞ ես էտի անում, հերոսությո՞ւն ես համարում»:

Խորհուրդ տվեցին զեկուցագիր գրել և ինքնակամ ազատվել աշխատանքից, որպեսզի չհեռացնեն: Ես գրեցի աշխատանքից ազատման զեկուցագիրը… Սովորաբար զեկուցագիրը հաստատվում է այն ներկայացնելուց հետո ոչ շուտ, քան 1 ամիս հետո, իսկ իմ զեկուցագիրը հաստատվեց ընդամենը 15 օրում, ուստի չեմ բացառում, որ իմ հեռացման հրամանը եկել եր ավելի վաղ, քան ես ներկայացրել եմ զեկուցագիրը:

Ցանկանում եմ նշել, որ իմ հրամանատարությունը դժգոհ չէր իմ ծառայությունից և ցավում էին կատարվածի համար, բայց, ինչպես ասում են, կա հրաման, ուրեմն պետք է կատարվի:

Հ.Գ Այս ամենից ելնելով՝ չեմ բացառում հետագայում ճնշումները: Եվ, բնականաբար, նշում, որ այդ առումով ինձ մոտ կան որոշ մտահոգություններ»:

Դեպքին այսօր անդրադարձել է ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը։ Պետհամալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Տիգրան Մազմանյանը Զինված ուժերի ղեկավարությանը մեղադրելու հիմք չունի, որովհետև վերջինս զբաղվել է քաղաքականությամբ, իսկ Զինված ուժերը պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն։ Նախարարի հավաստմամբ՝ Մազմանյանը մեկ անգամ արդեն գուշացված է եղել և բանակից դուրս է եկել իր ցանկությամբ։

Forrigհts․am–ի փոխանցմամբ՝ Մազմանյանն արցախյան հերոսամարտի մասնակիցներ Արփիկ Հարությունյանի և Մհեր Մազմանյանի որդին է և աչքի է ընկել քաղաքացիական հասարակության կողմից բարձրացված խնդիրներին իր մասնակցությամբ:

«Որպես մայր ցավում եմ, որ 21 տարեկան իմ որդին արդեն դարձավ անարդարության զոհ: Այսօր ինձ համար չափազանց դժվար է նայել Տիգրանի աչքերին: Ես և հայրը, լինելով անկախության ազատամարտիկ ու այդպիսին դաստիարակելով մեր որդուն, այսօր կանգնել ենք փաստի առաջ. փոշմանե՞նք, որ ստրկամիտ զավակ չենք դաստիարակել: Մեր բանակն ազատվեց իսկական ազնիվ, հայրենասեր, ուժեղ ու արդարամիտ զիվորից», – Forrigհts․am-ի հետ զրույցում ասել է Տիգրան Մազմանյանի մայրը: