Ժամկետային զինծառայող ազգությամբ եզդի 19-ամյա Ազիզ Բաքոյանն անհետացել է, News.am-ի հետ զրույցում ասել են Բաքոյանի ծնողները։
Զինծառայողը գտնվում էր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում. «Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ Բաքոյանը նորակոչիկ էր և չէր հասցրել անգամ երդման արարողությանը մասնակցել։
Ծնողները News.am֊ի հետ զրույցում մտահոգություն են հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, իրենց որդին սպանվել է, և այդ մասին իրենց չեն հայտնել։ Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կայքի հետ զրույցում հորդորել է սպասել որոնողական աշխատանքների արդյունքներին:
Նա նշել է, որ փետրվարի 6-ին Բաքոյան ինքնակամ լքել է զորամասը, որից 3 ժամ անց ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները սկսել են փնտրել նրան, սակայն Բաքոյանին մինչ օրս չեն հայտնաբերել: