2015 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն արդեն 12 օր է, ինչ հացադուլ է անում «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում՝ բողոքելով իր նկատմամբ կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու քննիչի որոշման դեմ: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է նրա շահերը ներկայացնող հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Վերջինս նշել է, որ հունվարի 29-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Մխիթարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ՝ հիմնավորելով, որ գործով դեռևս փորձագիտական եզրակացություններ պետք է ստացվեն: Մասնավորապես, դեռ պատրաստ չեն դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության արդյունքները:
Փաստաբանն ասել է, որ Մխիթարյանի առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չունի:
«Ես գրավոր դիմել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ առողջության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու և հոգեբանական վիճակը պարզելու ուղղությամբ: Ես հորդորել եմ Մխիթարյանին, որ դուրս գա հացադուլից: Դա հարցի լուծում չի, իր առողջությանը վնաս է պատճառում», -ասել է Ֆարմանյանը:
Նշենք, որ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում և արդեն երկրորդ անգամ հացադուլի միջոցով բողոքում է իր դեմ կալանքի ժամկետի երկարաձգման դեմ: