Ռուսաստանի քաղաքացի, ձյուդոյիստ Արթուր Կռոյանին «Ինտերպոլը» հետախուզում է Հայաստանի բանակում չծառայելու համար, գրում է a1plus.am-ը։
Կայքի փոխանցմամբ՝ Կռոյանը Հայաստանի քաղաքացի է եղել միայն մեկ տարի, երբ 2010-ին Թուրքիայում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությանը պետք է ներկայացներ երկիրը։ Այդ ընթացքում նա չի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նրանից պահանջել են զինվորական հաշվառման կանգնել՝ անձնագրում ելքի կլոր կնիքը խփելու համար: Սակայն Կռոյանը հրաժարվել է հաշվառումից և, վերադառնալով Ռուսաստան, անցել է ծառայության ռուսաստանյան բանակում։ Ծառայելու ընթացքում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել հայկական բանակից խուսափելու համար։
Մարզիկը հայկական անձնագրից հրաժարվելու համար դիմել է Մոսկվայում գտնվող հայկական դեսպանատան հյուպատոսություն և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Պաշտպանի գրասենյակից, սակայն, նրան զգուշացրել են, որ պետք է ծառայի։
Երբ փետրվարի սկզբին Կռոյանը Սամարայի օդանավակայանում կնոջը դիմավորելիս է եղել, օդանավակայանի աշխատողները զգուշացրել են, որ իրենով հետաքրքրված են Հայաստանի իրավապահները։
A1plus.am-ը նշում է, որ այս պահին մարզիկը չի կարող այցելել Հայստանում իր հարազատներին, իսկ հարցի լուծման համար ոչ մի տեղից օգնություն չի ստանում։