«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին խոստացել են, որ մոտ 2 ամսից հստակություն կլինի գործարանի վերագործարկման հարցում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց վերագործարկման պահանջով ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտի» նախկին աշխատակից Զորայր Հովհաննիսյանը:
«Մենք տեղեկություններ ունենք, որ կան պոտենցիալ ներդրողներ, որոնց հետ բանակցություններ են վարում։ Մենք նաև պարբերաբար հանդիպում ենք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, նրա տեղակալի և նախարարության աշխատակիցների հետ, և նրանց հետ զրույցի ընթացքում նույնպես նման տպավորություն կա, որ շուտով գործարանը կարող է վերագործարկվել։ Լիահույս ենք, որ մոտակա 2-3 ամսում կոնկրետ քայլեր կլինեն գործարանի վերագործարկման հետ կապված և կհայտնվի ներդրող, որի հետ պայմանագիր կստորագրվի», – ասել է «Նաիրիտի» նախկին աշխատակիցը։
Նրա խոսքով՝ չնայած նրան, որ աշխատակիցները հավատում են գործարանի վերագործարկմանը, սակայն ամեն հինգշաբթի շարունակելու են հավաքել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ իրենց պահանջի մասին հիշեցնելու նպատակով։