Home / Տեսանյութեր / Դատարանը չուզեց վերաբացել ոստիկանների դեմ գործը․ սևազգեստ մայրերը դժգոհ են

Դատարանը չուզեց վերաբացել ոստիկանների դեմ գործը․ սևազգեստ մայրերը դժգոհ են

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր մերժվել է բանակում 2010 թվականին խաղաղ պայմաններում զոհված զինվորների՝ Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի մայրերի՝ Իրինա Ղազարյանի (լուսանկարում) ու Նանա Մուրադյանի բողոքը: Սևազգեստ մայրերը պահանջում էին չեղյալ համարել Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Հ. Թադևոսյանի որոշումը, որով նախագահականի մոտ մայրերի հանդեպ ուժ գործադրած ոստիկանների նկատմամբ հետապնդումը դադարեցվում է։ 

Սևազգեստ մայրերի փաստաբան Հայկուհի Հարությունյանը Еpress.am-ի հետ զրույցում հատկանշական է համարել այն փաստը, որը որոշումն ընթերցելու ընթացքում դատավորը մերժման ոչ մի հիմք չի բերել։ Հարությունյանը նշել է, որ բողոքը մերժելու պատճառն իրենց անհասկանալի է։

Վրդովված մայրերը դատարանի դահլիճում հայտարարել են, որ որոշման հետ կապված կրկին բողոք են ներկայացնելու դատարան:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 13-ին  ոստիկանության աշխատակիցները, բռնություն կիրառելով, նախագահական նստավայրի դիմացից հեռացրել էին Ղազարյանին և Մուրադյանին։ Կանայք հաղորդում էին ներկայացրել ոստիկանների դեմ, որի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, սակայն «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ գործը կարճվել էր: