Եվրոպական կառույցները Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարող վարչախմբի նկատմամբ տարօրինակ սիրալիր վերաբերմունք են դրսևորում և երկակի ստանդարտներ կիրառում: Դրա հետևանքով է, որ Հայաստանում մարդու իրավունքների ճգնաժամը խորանում է և ժողովրդավարությունը` հետընթաց ապրում: Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտել են երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանի որոշումը մերժել շարժման կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Սաֆարյանը դատարանին խնդրում էր իրեն գրավի դիմաց ազատ արձակել։
Ավետիսյանը նշել է, որ ակցիան խորհրդանշական բնույթ ունի, և իրենց նպատակն է ԵՄ հայաստանյան ներկայացուցչությանը հանձնել «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գնահատականները և հայտարարությունները Սաֆարյանի վերաբերյալ։ Կազմակերպությունները, մասնավորապես, պահանջում են ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին: Նշենք, որ երեկ մի քանի ժամ տևած դատական նիստը նույնպես ուղեկցվում էր դատարանի շենքի մոտ բողոքի ցույցով:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։