Հայաստանի իշխանությունների գործունեությունն ամենացայտուն կերպով արտացոլվում է երկրի բնակչության թվաքանակի մասին պաշտոնական ցուցանիշներում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթը հիշեցնում է, որ այս տարվա հունվարի 1-ին բնակչության թիվը պաշտոնականա վիճակագրության տվյալներով առաջին անգամ 3 միլիոնից պակաս է կազմել, և 1979 թվականից հետո Հայաստանի մշտական բնակչության թիվն առաջին անգամ է այդքան նվազել։
«Սակայն առավել վտանգավոր է այն իրողությունը, որ Հայաստանի առանձին մարզեր, ըստ պաշտոնական վիճակագրության, այլևս դարձել են ծերացող բնակչությամբ տարածքներ ընդամենը։ Մասնավորապես, Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը ընդամենը 5 է։ Այսինքն՝ 125 հազար բնակիչ ունեցող մարզում ծնված երեխաների թիվն ընդամենը 5-ով է ավել եղել մահացած մարդկանց թվից։ Ի դեպ, այս ցուցանիշը հենց նոր չի ի հայտ եկել։ Անցած տարիներին Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը տարեցտարի հետևողականորեն նվազել է։ Այսինքն՝ այսօրվա ցուցանիշը լիարժեք կանխատեսելի է եղել։ Բնակչության թվի զրոյական աճին են մոտեցել նաև Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզերը»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»֊ը նաև ընդգծում է, որ վերը բերված տվյալներն ուղղակի ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, , որով նա իր գլխավորած իշխանությունների գործունեության դրական արդյունք էր խոստանում, իրականում հեքիաթի ժանրից է։