ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քննիչ Արման Կարապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Լարիսա Ասրյանի դիմումը:
Ասրյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դիմում-բողոք էր գրել՝ պնդելով, որ իր որդին՝ Արգիշտի Սարիբեկյանը, ոչ մի կապ չունի 2014 թվականին կատարված ավազակային հարձակման և գողությունների հետ և անհիմն է դատապարտվել 12 տարվա ազատազրկման որպես դրանց կազմակերպիչ: Կինը պահանջել էր անաչառ քննություն սկսել, ինչպես նաև գործի հետ կապված կեղծիքներ կատարելու համար պատասխանատվության ենթարկել գործով քննիչ Արման Կարապետյանին:
Իր բողոքում Ասրյանը, մասնավորապես, նշել է, որ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից կեղծվել են իր որդու դեմ վկայություն տված գողությունների պահին անչափահաս Կարեն Խաչատրյանի ցուցմունքները: Վերջինիս մայրն ասել է Ասրյանին, որ Կարեն Խաչատրյանին ոստիկանության բաժնում բռնության և ճնշման են ենթարկել, որի ազդեցության տակ էլ վերջինս կեղծ ցուցմունքներ է գրել՝ իբր Սարիբեկյանը իրենց հետ մասնակցել է գողությունների: Ասրյանը նշում է, որ երբ Խաչատրյանը, ծեծված որդուն տեսնելով, ցանկացել է բողոքել, բաժնում խնդրել են, որ հրաժարվի բողոքից՝ պայմանով, որ որդուն կօգնեն հետագայում չդատապարտվել: Ըստ Ռուզաննա Խաչատրյանի՝ իրեն և իր որդուն քննիչ Կարապետյանը ստորագրել է տվել դատարկ թղթերի տակ, որոնց վրա հետո ինքն է ցուցմունք գրել:
Ասրյանը նաև ընդգծում է, որ Կարեն Խաչատրյանը դատական դահլիճում մի քանի անգամ ասել է, թե Սարիբեկյանը ոչ մի կապ չունի գողության հետ, սակայն դատարանները դա հաշվի չեն առել:
Սարիբեկյանի մայրը դիմում֊բողոքում նշել է, որ գործով տուժող Ռաֆայել Թևոսյանը ստորագրել է ոչ թե իր, այլ քննիչի գրած ցուցմունքի տակ։ Քանի որ Թևոսյանը հայերեն գրել ու կարդալ չի իմացել, քննիչն է գրել նրա ցուցմունքը, սակայն դատարանը պարտավոր էր թարգմանիչով ապահովել նրան, որը չի արել:
Այս ամենի մասին կինը մի քանի անգամ բարձրաձայնել է դատարանի դահլիճում, սակայն դրանք դատարանի կողմից ուշադրության չեն արժանացել:
Դիմումի մեջ Սարիբեկյանի մայրը պնդում է, որ քննիչի կողմից կատարված կեղծիքները հովանավորել է դատախազ Արսեն Աղաբեկյանը: Վերջինս դատարանի դահլիճում և դրանից դուրս բացահայտ սպառանցել է նաև ամբաստանյալների հարազատներին: «Ամեն ինչ անելու եմ, որ ձեր որդիները դատվեն, դուք էլ ձեր տները ծախեք, դառնաք բոմժ», – Ասրյանի փոխանցմամբ՝ ասել է Աղաբեկյանը:
Կնոջ դիմումը ՀՀ դատախազությունից ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն: Այդ կառույցը, իր հերթին, մերժել է նոր քրեական գործի հարուցումը և որոշել է քննիչ Արամ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Լարիսա Ասրյանի կողմից ներկայացված փաստերը, ըստ Հատուկ քննչական ծառայության, չեն համապատասխանում իրականությանը:
Epress.am֊ի հետ զրույցում Ասրյանը, սակայն, կրկին պնդել է, որ իր ներկայացրած փաստերը համապատասխանում են իրականությանը։ Նա ընդգծել է, որ Ռուզաննա Խաչատրյանն իր և որդու անունից երեք դիմում է ուղարկել տարբեր ատյանի դատարաններ՝ նշելով, որ Ասրյանի որդին գողության մասնակից չի եղել։ Ասրյանը Epress.am֊ին ներկայացրել է Վճռաբեկ դատարանին ուղղված Ռուզաննա Խաչատրյանի դիմումի պատճենը՝ նշելով, որ այն կցել էր նաև իր դիմում֊բողոքին։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գողությունը կատարել են իմ որդին՝ Կարեն Խաչատրյանը, իմ փեսան՝ Գրիգոր Ներսիսյանը և իր ընկեր՝ Գևորգ Տերտերյանը: Գողություններին չի մասնակցել Արգիշտի Սարիբեկյանը։ Կխնդրեինք հարգելի դատարանից վճիռը բեկանել և նշանակել նոր քննություն», – իր դիմումի մեջ, մասնավորապես, նշել է Ռուզաննա Խաչատրյանը:
Հատուկ քննչականի որոշման մեջ, սակայն, Ռուզաննա Խաչատրյանի դիմումի մասին ոչինչ չի ասվում: ՀՔԾ քննիչ Լ․Ստեփանյանը նշում է, որ գործի հետ կապված հարցաքննության կանչված Ռուզաննա Խաչատրյանը ժխտել է, որ Ոստիկանության բաժնում իր որդու նկատմամաբ ճնշումներ և ուժ են կիրառել: Ըստ Ստեփանյանի՝ Խաչատրյանը պնդել է, որ քննիչ Արման Կարապետյանը չլրացված փաստաթղթեր իրեն և իր որդուն չի տվել ստորագրելու:
«Միայն կարող եմ ենթադրել, թե ինչու է այժմ Ռուզաննա Խաչատրյանը հրաժարվում իր խոսքերից, եթե անգամ նրա որդին դատարանում ասել է, որ Արգիշտին գողության հետ կապ չունի», ֊ անդրադառնալով քննիչի որոշմանը՝ ասել է Ասրյանը։
Նշենք, որ 2015 թվականին Արգիշտի Սարիբեկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ ավազակային հարձակում և երկու գողություն կազմակերպելու մեղադրանքով։ Հարձակման ու գողությունների կատարման մեջ մեղադրվող Գևորգ Տերտերյանը և Գևորգ Ներսիսյանը 10֊ական տարի են ստացել, իսկ Կարեն Խաչատրյանը՝ 8։