Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընդմիջմանը, լրագրողների հարցերին ի պատասխան, ՀՀԿ֊ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը վիրավորել և հրել է լրագրողին:
Լրագրողները Սեդրակյանից հետաքրքրվել են, թե վերջինս ինչպես է վերաբերվում ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությանը: Պատգամավորը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Այդ ընթացքում Xnews.am-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը նշել է, որ երբ Սեդրակյանը ԱԺ միջանցքում տեսել է լրագրողներին, ասել է․ «Է՞ս ինչ նախիր ա»: Լրագրողը Սեդրակյանից պահանջել է չվիրավորել իրենց:
Սեդրակյանը, իր հերթին, մեղադրել է լրագրողին ստելու մեջ: «Ականջներդ մաքրի՛ մի հատ, տենց բան չի եղել»,- կոպիտ տոնով ասել է պատգամավորը:
Այնուհետև ՀՀԿ֊ականը հրել է իրեն մոտեցված խոսափողը և մտել իր աշխատասենյակ: Որոշ ժամանակ անց Սեդրակյանը դուրս է եկել իր աշխատասենյակից և Ֆահրադյանին ներս է կանչել՝ պատճառաբանելով, թե ուզում է առանձին զրուցել նրա հետ։
«Տղա ջա՛ն, դու իմ էրեխուց էլ փոքր ես, արի քեզ մի երկու բառ ասեմ, դե արի խոսանք», – ասել է Սեդրակյանը:
Ֆահրադյանը, սակայն, հրաժարվել է առանձին զրուցել պատգամավորի հետ՝ առաջարկելով տեսախցիկների ներկայությամբ խոսել: Մյուս լրագրողները նույնպես պնդել են, թե ցանկանում են ներկա լինել խոսակցությանը:
Նյարդայնացած պատգամավորը հայտարարել է, որ ինքը «նորմալ» լրագրողների հետ կխոսի, իսկ «աննորմալների» հետ գործ չունի:
Մանրամասները` a1plus.am֊ի տեսանյութում
Նշենք, որ Մհեր Սեդրակյանը առաջին անգամ չէ վիրավորում լրագրողներին։ Մասնավորապես, 2012 թվականին նա վիրավորել և սպառնացել էր «Ա1+»֊ի լրագրող Մհեր Արշակյանին՝ ասելով․ «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ», նույն թվականին պատգամավորը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողին ասել էր՝ «չանեդ կջադեմ», 2014-ին հայհոյել էր Tert.am֊ի լրագրողներին։