Home / Տեսանյութեր / Ոստիկանության աշխատակցի փաստաբանը չի ուզում դատարանում լրագրող վկային տեսնել

Ոստիկանության աշխատակցի փաստաբանը չի ուզում դատարանում լրագրող վկային տեսնել

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը (լուսանկարում՝ ձախից) չի ցանկանում, որպեսզի լրագրող Հակոբ Կարապետյանն իր պաշտպանյալի դեմ ներկայացրած բողոքի գործով վկայություն տա։ Նարեկ Մալյանի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ հայց է ներկայացրել Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքի Ելենա Օվսյաննիկովան, ով իր անձը վիրավորելու համար յուրաքանչյուրից 2-ական միլիոն դրամ է պահանջում։

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած գործով հերթական նիստին Օվսյաննիկովայի պաշտպան Լուսինե Հակոբյանը, վկային հրավիրելու մասին միջնորդությունը ներկայացնելով, նշել է, որ լրագրողը դեպքին ականատես է եղել և նրա ցուցմունքը կարող է էական նշանակություն ունենալ։ Սակայն մյուս պատասխանողների փաստաբանները պաշտպանել են Սիրունյանի դիրքորուշումը:

«Թող Օվսյաննիկովան ցուցմունք տա, մենք կա՛մ կհավատանք, կա՛մ չենք հավատա, լրացուցիչ անձանց կարիք չկա», – հայտարարել է Սիրունյանը:

Այնուամենայնիվ, դատավոր Հովիկ Շահնազարյանն ընդունել է հայցվորի փաստաբանի միջնորդությունը և որոշել է հաջորդ դատական նիստին՝ մարտի 29-ին, հրավիրել վկային: Դատական նիստի ավարտից հետո Epress.am-ի հետ զրույցում Լուսինե Հակոբյանը Սիրունյանին նման դիրքորոշումն անընդունելի է համարել:

«Պատահական չէ, որ այդպես ասաց Սիրունյանը: Ինչքան քիչ վկաներ, էնքան քիչ ապացույցներ», – նշել է Հակոբյանը:

Վերջինս նաև այլ մտավախություն է հայտնել, թե գուցե հետագայում պատասխանողների փաստաբանները դատարանի դահլիճ հրավիրվեն մի խումբ ոստիկաններ, որոնք կարող են վկայել, թե իբր Օվսյաննիկովան իրենց սեքս֊ծառայություններ է առաջարկել: Հակոբյանի խոսքով, սակայն, իրենք դա արդեն կանխատեսել են և մշակել են իրենց մարտավարությունը:

«Իշխանության էդ սիրված մեթոդն այս դեպքում թույլ չենք տա, որ կիրառվի»,-ասել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքի Ելենա Օվսյաննիկովան հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի, ինչպես նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ՝ բոլորից միասին պահանջելով 7 միլիոն դրամի փոխհատուցում իր անձը զրպարտելու և վիրավորելու համար: Հետագայում նա ավելացրել էր փոխհատուցման պահանջի չափը՝ այն հասցնելով 8 միլիոնի։

Իր հայցում Օվսյաննիկովան նշել էր, որ վերոնշյալ անձինք իրեն վիրավորել են էլէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի օրերին: Մասնավորապես, Նարեկ Մալյանը հայցվորի ֆեյսբուքյան էջից տարածել է լուսանկարներ, նշել նրա անուն-ազգանունը և գրել, որ Օվսյաննիկովան ոստիկաններին սեքս է առաջարկել:

Ելենա Օվսյաննիկովա

ovsyannikova