ՌԴ և ՀՀ կառավարությունները Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին երեկ՝ փետրվարի 18֊ին, հայտնել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքը։ Հաղորդագրության համաձայն, վարկը, որի մարումը կսկսվի 2018 թվականի սկզբից, տրամադրվել է տասը տարի ժամկետով։
Համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից տրամադրված գումարով ձեռք կբերի ռուսական արտադրության զինտեխնիկա և ռազմամթերք: Մասնավորապես, Հայաստանը կգնի «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգեր, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ, «ՏՕՍ 1-Ա» ծանր հրանետային համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, «ՌՊԳ-26» նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներական և կապի սարքեր։
Կայքն ընդգծում է, որ ձեռք բերվող սպառազինությունների ցանկը կարող է փոխվել ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ: