ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ընդդիմադիր պատգամավորները պահանջել են, որպեսզի Ազգային Ժողովն ապահովի խորհրդարանի արագ արձագանքը քաղաքական հայացքների համար հետապնդվող Վարդգես Գասպարիի ձերբակալման վերաբերյալ։
«Ժողովրդավարական երկրում Ազգային ժողովը՝ լինելով ժողովրդավարության բարձրագույն ատյան, ունի մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն։ Սա է պատճառը, որ դիմուն եմ Ձեզ, որպես ԱԺ-ի պաշտոնակատարի, ապահովելու խորհրդարանի արագ արձագանքը քաղաքական հայացքների համար հետապնդվող ակտիվիստների ձերբակալման վերաբերյալ։ Տարին սկսվեց Գևորգ Սաֆարյանի ձերբակալմամբ, իսկ 2 օր առաջ ձերբակալվել է Վարդգես Գասպարին միայն նրա համար, որ իշխանությունների կամայականությունների դեմ կազմակերպում է բողոքի ակցիաներ։
Ես առաջարկում եմ խորհրդարանի անունից բացատրություններ պահանջել ոստիկանությունից ու դատախազությունից՝ նրա ապօրինի ազատազրկման մասին, և այդ տեղեկությունը ներկայացնել Աժ-ին»,- վարման կարգով ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան հորդորել է Զուրաբյանին դատավորի կամ դատախազի գործառույթն իր վրա չվերցնել․ «Հայաստանում, ցավոք սրտի, ժամանակին եղել են քաղաքական բանտարկյալներ, բայց այդ ժամանակները մնացել են նախորդ դարում։ Իսկ ինչ վերաբերում է այս դեպքին, կարող եմ ասել, որ ուժային կառույցները կներկայացնեն իրենց կարծիքը։ Մենք իրավունք չունենք միջամտելու այն գործառույթներին, որտեղ կա օրենք։ Իմ հորդորն է Ձեզ, որ ցանկացած խնդրի մեջ չտեսնենք քաղաքական ենթատեքստ։ Իմ խորին համոզմամբ, այս հարցում քաղաքական ենթատեքստ չկա»։
Զուրաբյանը, պատասխանելով Շարմազանովին, նշեց, որ վերջինս վատառողջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համեմատ ավելի անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում․ «Քաղբանտարկյալների հարցում դուք ընդհանրապես չպետք է խոսաք, որովհետև 2008 թվականի դեպքերից հետո 70 մարդ բանտերում եք պահել, որոնք բոլորը մեր կուսակցությունների առաջնորդներ ու ակտիվիստներ են եղել։ Բայց ես առանց մեկին մեղադրելու ասում եմ տեղեկություններ պահանջեք և այն հայտնեք խորհրդարանին»։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, նույնպես անդրադառնալով Գասպարիի գործին, ընդգծեց, որ նրան դատարանը մինչ կալանավորելը չի լսել, ինչն օրենքի խախտում է։ Նա նաև կոչ արեց բոլորին մասնակցել ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի այսօր տեղի ունենալիք բողոքի ակցիային։
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց, որ նոր սահմանադրությունը ենթադրում է ընդդիմության դերի բարձրացում․ «Էս խեղճ ընդդիմությունը մի բանա խնդրում, պարոն Շարմազանով, գնաք իմանաք ինչ ա եղել, գաք ինֆորմացիա տաք։ Էս իրավունքն էլ չունե՞նք։ Բա ամոթ չի՞։ Բա նստենք սա քննարկե՞նք»։
ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Վարդգես Գասպարիի կալանավորման հիմքերը կասկածելի են։ Նա հայտնեց, որ այցելել է Գասպարիին և տեղեկացել, որ վերջինս ունի առողջական խնդիրներ ճնշման և շաքարային դիաբետի հետ կապված. «Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում նրան կալանքի տակ պահելը խոշտանգման է նման, մանավանդ որ այն գործով, որով նա կալանավորվել է, նախատեսված առավելագույն կալանքը 2-3 ամիս է։ Նման գործով մարդուն կալանավորելը արդեն որոշակի ենթադրությունների հիմք է տալիս»։
Փաշինյանը հայտարարեց նաև, որ ի նշան Վարդգես Գասպարիի կալանավորման դեմ բողոքի, օրակարգում ներառված բոլոր հարցերին դեմ է քվեարկելու: