Home / Տեսանյութեր / Գեյերին չհանդուրժող լրագրողն իմացավ, որ նույնասեռականությունը սեքսով չի սահմանափակվում

Գեյերին չհանդուրժող լրագրողն իմացավ, որ նույնասեռականությունը սեքսով չի սահմանափակվում

Հայաստանում շարունակում են սերմանել խտրականությունը նույնասեռական մարդկանց հանդեպ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ Ըստ բանախոսի՝ դա կարող է կապված լինել նաև Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանի Դաշնության՝ ընդդեմ նույնասեռական մարդկանց հատուկ պրոպագանդայի հետ։ Նա նշել է, որ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը վերջերս որոշել է հոգեբուժարաններում բացել հատուկ «սեռական կենտրոններ», որտեղ մարդկանց «բուժելու են «նույնասեռականությունից»։ Եվ, ըստ Գաբրիելյանի, չի բացառվում, որ մի քանի օրից նույնը կարվի նաև Հայաստանում։

Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ միջպետական և տեղական օրենքներով հաստատել է, որ երկրում «պաշտպանվելու են բոլոր մարդկանց իրավունքները»։

«Սակայն, չգիտես ինչու, չեն պաշտպանվում նույնասեռական մարդիկ, և շարունակվելու է այս վիճակը այնքան, մինչև Հայաստանը չընդունի խտրկանության մասին օրենքը»,- ասել է ՀԿ նախագահը։

– Եթե խտրականության մասին օրենք դուրս գա ու թույլատրվի նույնասեռական մարդկանց ազատ երթևեկելը, դա չի՞ ազդի երեխանների վրա, չէ՞ որ դա նորմալ չէ,- քննարկման ժամանակ հարցրել է լրագրողներից մեկը։

– Ես ու դու, որ իրար հետ խոսում ենք, նորմալ չէ՞, – լրագրողին ի պատասխան՝ հարցրել է հանդիպման մասնակից, «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը։

Լրագրողը պատասխանել է, թե նորմալ է։

– Բայց ես նույնասեռական եմ, այդ դեպքում նորմա՞լ է, ֊ ասել է Հովսեփյանը։ Այս անգամ լրագրողն ասել է, որ դա նորմալ չէ։

– Բայց ես ի՞նչ եմ արել Ձեզ, – արձագանքել է Հովսեփյանը՝ ընդգծելով, որ լրագրողը տարրական կուլտուրա չունի խոսելու։

Բանախոսները միաձայն պնդել են, որ Հայաստանում մեդիան հեղեղված է ատելության քարոզով՝ ընդդեմ նույնասեռական մարդկանց։

Սերգեյ Գաբրիելյանի կարծիքով՝ այս վիճակը այնքան կշարունակվի, մինչև վերևից թելադրվի դրական վերաբերմունք նույնասեռական մարդկանց հանդեպ։ Վերջինս հիշել է մի քանի տարի առաջ գրանցված խտրականության մի դեպք, որին ոստիկանությունը ոչ մի կերպ չի արձագանքել։

«Մեր կազմակերպության գործընկեր Արմանի ավտոմեքենայի դիմապակին ջարդել էին, և ոստիկանությունը ոչինչ չարեց։ Ասացին՝ չենք կարող ձեր իրավունքները պաշտպանել, մենք չենք անում այդ ծառայությունները, դիմեք վճարովի ծառայությունների»։

Գաբրիելյանը նշել է, որ բացասական վերաբերմունքը նույնասեռական մարդկանց հանդեպ մեծ է նաև քրեակատարողական հիմնարկներում․ «Այցելեք ու հասկացեք, թե ինչ է կատարվում նույնասեռականների հանդեպ այնտեղ: Մարդկանց հետ վարվում են այնպես, որ իրենք պետք է լինեն մաքրողները, հավաքողները, ամենասև գործ իրականացնողները ՔԿՀ-ում: Նրանք չեն օգտվում նույն սպասքից, նույն ճաշարանից», – նշել է Գաբրիելյանը:

Վերջինիս խոսքից հետո Մամիկոն Հովսեփյանը վերադարձել է լրագրողի հարցին՝ ասելով, թե անկախ սեռականությունից՝ մարդը իրավունք ունի օրը գիշերով, թե ցերեկով փողոցում լինել․ «Էդ ձեր կարծրատիպերն ա նույնասեռականության մասին։ Մենք, որպես հասարակության անդամ, փորձում ենք էդ մարդկանց զուտ անկողնային կյանքը նայել․ տղեն տղու հետ սեքս արեց, մենք էդ չեն ընդունում։ Մենք մտնում ենք նրանց անկողնային կյանքի մեջ, որի իրավունքը չունենք։ Նույնասեռականությունը միայն անկողնային կյանքը չէ։ Էդ դեպքում ինչո՞ւ նույն ձևով չենք մտնում հետերոսեքսուալների անկողնային կյանքի մեջ»։

Հովսեփյանը խորհուրդ է տվել չկենտրոնանալ սեքսի թեմայի վրա, որը հասարակությունում դարձել է «ամոթանք»։

«Այստեղ սեքսը չի կարևորը, սա մարդու կյանքն է ու ամաչելու բան չէ», ֊ նշել է նա։