Ծննդյան 80֊երորդ տարեդարձից 19 օր առաջ Երևանում երեկ մահացել է «օրենքով գող» Վազգեն Ներսեսյանը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Վզգո։ Primetime.ru կայքի փոխանցմամբ, տարիքով ամենամեծ հայ «օրենքով գող» Կառլեն Թովմասյանի մահվանից հետո մարտի 1֊ի դրությամբ «գողական պատրիարքներից» ողջ էին մնացել միայն Վզգոն ու Վանիկը։
Վզգոյի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն «հեղինակավոր հանցագործներ» ամբողջ աշխարհից, գրում է կայքը՝ ընդգծելով, որ «երջանիկ պատահականությամբ, Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որտեղ «օրենքով գողերը» քրեական հետապնդման չեն ենթարկվում զուտ գաղափարական մոտեցումներից ելնելով»։
«Հայաստանի իշխանությունները «օրենքով գողերի» մեջ ոչ միայն սպառնալիք չեն տեսնում հասարակական կարգի համար, այլև ապահովում են անհրաժեշտ պայմանները նրանց հարմարավետ կյանքի ու հանգստի համար։ Այսօր, ի հավելումն շուրջ տասը տեղացի «գողերի», Հայաստանում արդեն մեկ տարուց ավել ապրում է «օրենքով գող» Մերաբ Կալաշովը, ինչպես նաև՝ վերջերս Ռուսաստանից վտարված Վիտալի Ավդիյանը»,֊ հայտնում է Primetime.ru֊ն։
Կայքը հավելում է, որ Հայաստանում ամանորյա արձակուրդներ անցկացնելը բարի ավանդույթ է դարձել «№1 գող» Շաքրո Կալաշովի համար։ Միջազգային հետապնդման մեջ գտնվող Կալաշովը, ըստ հոդվածագրի, իրեն անվտանգ է զգում միայն երկու պետության տարածքում․ Ռուսաստանում՝ որպես այդ երկրի քաղաքացի, և Հայաստանում, որտեղ նրան «կանաչ միջանցք» են տրամադրում։