Ազգային ժողովի պատգամավոր, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ, քաղաքապետ դառնալու փափագ ունեցող Մարտուն Գրիգորյանը տունը ջեռուցելու էժանագույն տարբերակ է գտել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով «Գյումրիից ստացված ուշագրավ տեղեկությանը»։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, պատգամավորն իր «540 քմ մակերեսով պալատը» ջեռուցելու համար 2016 թվականի հունվար ամսին սպառել է ընդամենը 59 000 դրամի գազ, իսկ դեկտեմբերին ավելի քիչ՝ 51 000-ի։ Անցյալ ձմռան թվերն ավելի տպավորիչ են՝ 51 000 հունվարին, 46 000՝ փետրվարին: Սա այն դեպքում, երբ Գյումրիի պայմաններում այդքան վճարում են միջին 60-70 քմ տների բնակիչները, այսինքն պատգամավորը վճարում է 8-10 անգամ պակաս։
«Այստեղ հնարավոր է երկու տարբերակ․ կամ մենք գործ ունենք հանճարեղ մի ֆիզիկոսի հետ, որը գտել է միավոր մեթանից 10 անգամ ավել ջերմություն ստանալու ձևը, կամ էլ, ինչը շատ ավելի հավանական է, սովորական գողի հետ: Իսկ ի՞նչ է լինում կորած գազը: Բնական է՝ չվճարված գազը ձևակերպվում է որպես կորուստ, ինչն էլ մտցվում է սակագնի մեջ, այսինքն, Մարտունի պալատական շքեղության համար վճարում ենք մենք բոլորս, նաև այն գյումրեցիները որոնք երկու գուլպայով անցկացրին ամբողջ ձմեռը, քանի որ տնտեսմամբ էին գազ վառում»,֊ գրում է թերթը։
«Ժողովուրդ»֊ը շարունակում է, որ «ձրի գազի» նկատմամբ մոլուցքը միայն պատգամավորը չէ, որ ունի․ նրանից հետ չեն մնում իր բազմաթիվ ազգականները: Օրինակ, Գազպրոմ Արմենիայի Շիրակի մասնաճյուղի ներտնային ծառայության ղեկավար Ռուստամ Գրիգորյանի հայրական տունը (պատգամավորի հորեղբոր) հունվարին տաքացվել է ընդամենը 9000 դրամով, իսկ դեկտեմբերին՝ 11 000:
«Շատ ավելի հետաքրքիր է տեղամասի պետ, պատգամավորի ազգական Վարդան Եդիգարյանի պարագան՝ նա դեկտեմբերին սպառել է մի հսկայական գումարի՝ 900 դրամի գազ, իսկ հունվարին շռայլորեն տաքացրել է իր սեփական տունը՝ ամբողջը 3700 դրամով»,֊ ընդգծում է թերթը։
Իրավիճակի մանրամասները պարզելու «Ժողովուրդ»֊ի փորձին ի պատասխան ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հերքել է նման խնդրի գոյությունը՝ ասելով․ «Ոնց էլ ես մեկնաբանեմ, կարևորը նյութի աղբյուրը ինչ նպատակով, որ այդ ինֆորմացիան հասցրել է ձեզ, ինքն իր նպատակին հասել է, ու պատգամավորի անունը կապելու են մի հատ անհնար, ծախված թեմայի հետ։ Սուտ լուրեր են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում