Home / Հայաստան / ՓԻՆՔ֊Արմենիան 8 տարեկան է

ՓԻՆՔ֊Արմենիան 8 տարեկան է

Նախորդ տարեվերջին PINK Armenia հասարակական կազմակերպությունը նշեց հերթական՝ ութերորդ ծննդյան տարեդարձը։ 2007 թվականի դեկտեմբերին հիմնվելուց ի վեր՝ կազմակերպությունն անցել է հաստատման ու զարգացման բարդ ուղի։

Աշխատակիցներին ու կամավորներին հանդիպած բոլոր բարդությունների մասին այսօր չենք պատմի։ Կարևորն այն է, որ կազմակերպությանը հաջողվեց ոչ միայն գոյատևել հետխորհրդային տարածքի ոչ ամենաբարենպաստ պայմաններում, այլև դառնալ հզոր կառույց Հայաստանում ու դրա սահմաններից դուրս։ Այսօր PINK Armenia֊ն իրականացնում է տարբեր նախագծեր Երևանում ու Հայաստանի մարզերում՝ սերտորեն համագործակցելով մարդու իրավունքների պաշտպանության ու սեռական առողջության ոլորտներում գործող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ։

Ծննդյան տարեդարձին ընդառաջ՝ կազմակերպությունը հրապարակեց զեկույց իր յոթ տարվա գործունեության վերաբերյալ, որին ծանոթանալով՝ ընթերցողը ամբողջական պատկերացում կկազմի կազմակերպության պատմության, ուղղվածության, իրագործվող ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների ու հասած արդյունքների մասին։

 gruppovoy1

Հարկ է նշել, որ հ/կ֊ի կարևորագույն ռազմավարական նպատակներից է բարձրացնել ՄԻԱՎ հարցերով իրազեկվածությունը տղամարդկանց հետ սեռական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդկանց շրջանում։ Կազմակերպությունը նաև իրավաբանական ու հոգեբանական աջակցություն է ցուցաբերում ԼԳԲՏ անձանց, ակտիվ գործունեություն ծավալում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, զբաղվում ԼԳԲՏ համայնքի շահերի լոբբինգով ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային մակարդակով։

Մեր պատմությունը թերի կլիներ առանց կազմակերպության հիմնադիրներից մեկի ու գաղափարական ոգեշնչողի անունը նշելու։ Դա Մամիկոն Հովսեփյանն է՝ համեստ ու հմայիչ մարդ, ում մարդիկ վստահեցին ու նրա հետ միասին սկսեցին պայքարել ժողովրդավար Հայաստանի համար, որտեղ, իրենց համոզմամբ, պետք է տիրի օրենքի գերակայություն, որտեղ չեն լինի մարդու իրավունքների խախտումներ սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքերով, և որտեղ յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի կամաչի հոմոֆոբիայից։

Իլ Յաս, gdm.md