հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ղարաբաղի վետերանները հանել են պրոթեզներն՝ ի նշան բողոքի մաքսայինների դեմ

Ղարաբաղի վետերանները հանել են պրոթեզներն՝ ի նշան բողոքի մաքսայինների դեմ

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հղում անելով ընթերցողներից մեկին, հրապարակել է տեսանյութ, ըստ որի՝ մարտի 2֊ին ղարաբաղյան պատերազմի վետերանները հանել են ոտքերի պրոթեզներն ու բողոքի ակցիա անցկացրել վրաց֊ադրբեջանական սահմանին գտնվող մաքսակետի մոտ։

Վետերանները պնդում են, որ մաքսատան աշխատակիցները առգրավել են իրենց՝ վաճառքի նպատակով բերված ապրանքներն ու հրաժարվում են վերադարձնել դրանք։ Պաշտոնական կառույցները միջադեպը դեռևս չեն մեկնաբանում։

Տեսանյութում վետերանները, մասնավորապես, ասում են․

֊ Երեխաներն ուտելիք չունեն։ Ես երկու ամիս է՝ չեմ կարողանում վարկս մուծել, իսկ ոմն Մեհմանը [մաքսատան պետը] ուտում֊խմում, կայֆ է անում։ Ինչքա՞ն կարելի է։ Տարիներ շարունակ չեմ կարողանում ոտքս բուժել․ արդեն փթախտ է սկսվել։

Նայեք վերքիս, այ պարոն նախագահ, այ մեզ լսողներ։ Ահա, նայեք, արդեն սևացել է, փթախտ է սկսվել։

Պետք է այսպես գլխարկ դնենք գետնին ու մուրացկանություն անենք մաքսատան դիմաց, որպեսզի ինչ֊որ մեկը մեզ 20 կոպեկ տա։ Մեր պետության, մեր չինովնիկների ուզածն ա՞յդ է։

Դիմում եմ մեր պատվավոր նախագահին, ով մեր գերագույն գլխավոր հրամանատարն ու Հեյդար Ալիևի հետևորդը: Իլհամ Ալիևին եմ դիմում: Նայիր նրանց, նայիր գլխիս, որի կեսը չկա: Մենք այստեղ ժամերով տառապում ենք, իսկ փախչող դասալիքները հանգիստ փող են տալիս ու անցնում: Մենք նույնպես կարող ենք փող տալ, բայց այդ մեծն պարոն Մեհման Սադիխովը մեզ չի ընդունում։