հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Պայթյունից տուժած ընտանիքը կարծում է, որ Հայաստանի ղեկավարը կարող է ազդել «Գազպրոմի» վրա

Պայթյունից տուժած ընտանիքը կարծում է, որ Հայաստանի ղեկավարը կարող է ազդել «Գազպրոմի» վրա

Գազի խողովակի պայթյունից տուժած Արարատի մարզի Այնթափ համայնքի բնակիչ Արտակ Պետրոսյանն իր ընտանիքի հետ արդեն 4-րդ օրն է նստացույց է անցկացնում մայրաքաղաքում՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:

Նրանք հույս ունեն, որ Սերժ Սարգսյանը վերջապես կհանդիպի իրենց հետ և խնդրին լուծում կտա։ Epress.am-ի հետ զրույցում Արտակ Պետրոսյանը նշել է, որ գործն այս պահին շարունակում է մնալ առաջին ատյանում, քանի որ «Գազպրոմի» ներկայացուցիչները անընդհատ տարբեր պատճառներով չեն ներկայանում նիստին։

«Մենք տան 8 անդամներով արդեն 3 տարի է վարձով փոքր բնակարանում ենք ապրում, որովհետև «Գազպրոմ Արմենիան» հրաժարվում է փոխհատուցել մեր վնասի դիմաց։ «Գազպրոմի» պատճառով ես հաշմանդամ եմ դարձել ու մի քանի միլիոն միայն բուժման համար ենք ծախսել։ Մի անգամ «Գազպրոմ֊Արմենիան» մեզ 3 միլիոն դրամ է տվել, իբր մարդասիրական նպատակներով, բայց դա չի կարող լուծել խնդիրը, որովհետև մենք կորցրել ենք մեր տունը, առողջութունը։ Մենք պահանջում ենք, որ փոխհատուցեն մեր նյութական և բարոյական վնասներն ամբողջությամբ»։

Պետրոսյանի խոսքով«Գազպրոմ – Արմենիան» խոստացել էր, որ իրենց մեղքի ապացուցվելու դեպքում իրենք կփոխհատուցեն ամբողջ վնասը․ «Փորձաքննությունները ցույց են տվել, որ այդ գազատարն ապօրինի էր, բայց հիմա էլ դատարանում պնդում են, որ շինարարական ընկերությունն է մեղավոր պայթունի մեջ, քանի որ շինարարը նորմալ չի կատարել իր աշխատանքը։ Այսինքն հիմա էլ մեղքն ուզում են բարդել շինարարի վրա»։

Ընտանիքը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը ուշադրություն կդարձնի իրենց խնդրին և «Գազպրոմին» կստիպի փոխհատուցել հասցված վնասի դիմաց։

2013 թվականին Պետրոսյանների բնակարանը պայթել է, երբ Արմեն Պետրոսյանը իր սենյակում ծխախոտ է վառել։ Մինչ դա նրանք բազմիցս ահազանդել էին, որ իրենց փողոցից գազի արտահոսքի հոտ է գալիս, սակայն մասնագետներն այդպես էլ չեն արձագանքել և ստուգումներ չեն անցկացրել։

Արդյունքում պայթունի հետևանքով Արմեն Պետրոսյանը ստացել է այրվածքներ և դարձել 3-րդ կարգի հաշմանդամ, ծանր վիրավորվել են նաև Պետրոսյանի եղբոր կինը, ով այդ ժամանակ հղի է եղել: Թեթև վնասվածքներ են ստացել նաև ընտանիքի մյուս 6 անդամները:

Անցկացված փորձաքննությունները պարզել են, որ այդ գազատարը ապօրինի է եղել։ Ընտանիքը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից 39 միլիոն դրամ բարոյական և նյութական փոխհատուցում է պահանջում: