Իշխանությունների կողմից նախաձեռնված Ընտրական օրենսգրքի նախագծի 65-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր ընտրատեղամասում կարող է ներկա գտնվել ընդամենը 4 դիտորդ և 4 լրագրող, որը շատ խնդրահարույց կետ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ պատճառաբանությունն այն է, թե ընտրական տեղամասերի տարածքները փոքր են։
Մելիքյանն ընդգծել է, որ դա իշխանությունների կողմից հատուկ է արվում, որ քիչ մարդ լինի ընտրատարածքներում, և լրագրողներն ու դիտորդները չկարողանան արագ արձագանքել տեղում կատարվող խախտումներին:
Համաձայն նույն 7-րդ կետի՝ հանձնաժողովի նախագահը ստանում է առավել շատ լիազորություններ:
«Փաստորեն մյուս լրագրողները հերթագրվում են, թե երբ կարող են մուտք գործել ընտրատեղամաս, իսկ հանձնաժողովի նախագահը երբեմն կարող է թույլ տալ ավելի շատ լրագրողի մուտք, երբեմն՝ ոչ: Սա կամայականությունների մեծ դաշտ է բացում և շատ տարօրինակ լիազորություններով է օժտում հանձնաժողովի նախագահներին», – շեշտել է բանախոսը:
Քննարկման մեկ այլ մասնակից, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասել է, որ այս նորամուծությունները կասկածի տեղիք են տալիս, և կարելի է ենթադրել, թե ինչ հեռահար մտքեր ունի իշխանությունը:
«Շատ հնարավոր է, որ ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա իշխանությունների կողմից ստեղծվեն կեղծ լրատվամիջոցներ՝ կեղծ բեյջերով, որոնք մուտք գործեն ընտրատեղամասեր, իսկ այլ՝ իսկական թերթերի լրագրողները չեն կարող մուտք գործել», – իր մտահոգությունն է հայտնել Օհանյանը:
Նույն կարծիքը կիսել է նաև քննարկման մասնակից «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Վերջինս, սակայն, շեշտել է, որ գուցե սրանք շատ խնդրահարույց կետեր են, սակայն միայն սրանց վրա կենտրոնանալ չի կարելի: Ըստ Իոաննիսյանի, կան ավելի շատ խնդրահարույց կետեր, որոնք չի կարելի անտեսել, օրինակ, ընտրություններից հետո ընտրական ցուցակների հրապարակման հարցը: Նոր օրեսնգրքով չի լուծվում այդ խնդիրը, և հարցը ինչպես կար, այդպես էլ մնալու է:
«Կարելի է ասել՝ այս սահմանափակումները հատուկ են արվում, մեր ուշադրությունը շեղելու համար: Հիմա բոլորը կկենտրոնանան դրա վրա, կսկսեն միայն դրա համար պայքարել, բայց արդյունքում շատ այլ կարևոր հարցեր դուրս կմնան: Իսկ իշխանությունն էլ մի օր գուցե գա համաձայնության, հանի այս սահմանափակումն ու ասի, թե ձեզ լսեցի, էլ ինչ եք ուզում, բայց շատ հարցեր բաց կմնան էլի», – ընդգծել է Իոաննիսյանը: