Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը։ Դատարանը որոշման վերաբերյալ ոչ մի հիմնավորում չի ներկայացրել։
«Նոր Հայաստան»֊ի անդամները, ովքեր ակցիա են անցկացրել դատարանի շենքի մոտ, ի նշան բողոքի ձվեր են նետել դատարանի ուղղությամբ։ Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակից Գագիկ Եղիազարյանին։
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից և երկու ամսով կալանավորվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ «Նոր Հայաստան» և «Իրավունք և աջակցություն» նախաձեռնության ներկայացուցիչները պնդում են, որ Սաֆարյանն ինքն է ոստիկանների բռնության զոհը եղել, իսկ նրա դեմ մեղադրանքը հիմնված է միմիայն ոստիկանի ցուցմունքի վրա։ Սաֆարյանի ձերբակալությունից անմիջապես հետո «Իրավունք և աջակցությունը» հայտարարել էր, որ նա 2016-ի առաջին քաղբանտարկյալն է։
Բանտում Սաֆարյանի նկատմամբ ճնշումներ էին եղել․ նա հացադուլ էր սկսել՝ պահանջելով իրեն առանձին խուց տեղափոխել անվտանգությունն ապահովելու համար: Առանձին խուց տեղափոխվելուց հետո, Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը։