Home / Տեսանյութեր / Առողջական խնդիր ունեցող զինվորը շարունակում է ծառայել, ահազանգում է եզդիական կազմակերպությունը

Առողջական խնդիր ունեցող զինվորը շարունակում է ծառայել, ահազանգում է եզդիական կազմակերպությունը

Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի զինծառայող Տոսուն Ամոյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, սակայն նա օգնություն չի ստանում և շարունակում է ծառայել: Այս մասին Պաշտպանության նախարարին ուղղված դիմումում ահազանգում է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին (լուսանկարում)։

««Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ֊ի հունվարի 13-ի որոշման համաձայն՝ Տոսուն Ամոյանը աջ ձեռքի նյարդերի և արյունատար անոթի հետ կապված ունեցել է առողջական խնդիր, որը հնարավոր է բուժել միայն վիրահատական միջամտությամբ: Չնայած այս հանգամանքին Տոսուն Ամոյանը որևէ բուժում չի ստացել և զորակչվել է բանակ: Այժմ նրա առողջական վիճակը գնալով վատանում է: Իր հիվանդության պատճառով Ամոյանը չի կարող զենք գործածել, սակայն ծառայություն իրականացնում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Փաստորեն մենք վտանգում ենք զինվորի կյանքը, քանի որ հնարավոր դիվերսիոն հարձակման դեպքում նա չի կարող պաշտպանվել», – դիմումում նշել է Մուրազին։

Նա ընդգծել է, որ մինչ նախարարին դիմում գրելը, իրենց կազմակերպությունը մեկ անգամ արդեն ահազանգել է դեպքի մասին: Մուրազիի խոսքով՝ դրանից հետո 2016֊ի հունվարին զորակոչված զինծառայողին տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ սակայն հրաժարվել են վիրահատության ենթարկել՝ պատճառաբանելով, որ վիճակը բարդ է և զինծառայողին կրկին հետ են ուղարկել զորամաս: