Home / Տեսանյութեր / Զինվորին հիվանդանոց են տեղափոխել խնդիրը հանրայնացնելուց և ծնողների դիմումից հետո

Զինվորին հիվանդանոց են տեղափոխել խնդիրը հանրայնացնելուց և ծնողների դիմումից հետո

Երեկ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Տոսուն Ամոյանին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից տեղափոխել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:

Մարտի 15-ին Մուրազին բաց նամակ էր գրել Պաշտպանության նախարարին՝ ահազանգելով, որ Ամոյանը շարունակում է ծառայել, չնայած առողջական խնդիրներ ունի։

Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Մուրազին գրել է, որ դեռ պարզ չէ Սմոյանը կմնա հոսպիտալում, թե նրան հետ կուղարկեն զորամաս:

«Տղային երեկ տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ: Հիմա ինչպես ծնողներն են ինձ փոխանցում, տղային նորից չեն վիրահատում և ուզում են տանել զորամաս», – գրել է Մուրազին:

Մուրազիի գրառմանը արձագանքել է Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը․ «Դեռ դուրս չեն գրում ու կարծում եմ դեռ վաղ է դրա մասին խոսել»:

Ավելի ուշ Epress.am-ի հետ զրույցում «Սինջարի» նախագահն ասել է, որ հիվանդանոցում իրեն հայտնել են, թե բժիշկներից մեկն ուղղակի շփոթվել է և սխալ տեղեկություններ տվել, հետագայում պարզվել է, որ տղային կպահեն հիվանդանոցում:

Միևնույն ժամանակ, Մուրազին չի բացառել, որ գուցե սոցիալական ցանցում իր հայտարարությունից հետո են որոշել տղային պահել հիվանդանոցում:

Զինծառայողի հայրը՝ Ռզգան Ամոյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իր որդուն հիվանդանոց են տեղափոխել իրենց դիմումից հետո միայն: Հոր խոսքով՝ երիտասարդն այժմ չի կարողանում շարժել աջ ձեռքը․ նա խնդիր ունի աջ ձեռքի նյարդերի և արյունատար անոթի հետ։